ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Հեքիաթային քաղաք Երևանում

 

Ծրագրի նկարագիրը.   Երևանի գլխավոր հատակագծով նախատեսված այս ծրագրով նախատեսվում է համաքաղաքային նշանակության թեմատիկ զբոսայգու հիմնում, որը կհանդիսանա սիրելի վայր և քաղաքի բնակիչների, և զբոսաշրջիկների համար:


Համալիրը բաղկացած կլինի հետևյալ գործառնական գոտիներից՝


• Տոնավաճառ-ցուցադրությունների փողոց
• Հանգստի գոտի
• Զվարճանքի գոտի՝  երեխաների համար
• Ռեկրեացիոն գոտի
• Ջրային աշխարհ
• «Հեքիաթ ամրոցի» գոտի


Համաքաղաքային նշանակության թեմատիկ զբոսայգում համատեղված կլինեն մի շարք ժամանցային և ուսուցողական ծրագրեր: Այստեղ կգործի զվարճանքների ժամանակակից այգի, ինչպես երեխաների, այնպես էլ՝ մեծահասակների համար: Կկիրառվեն նորագույն համակարգչային և լազերային տեխնոլոգիաներ: Զբոսայգու հանգստի գոտին նախատեսվում է օգտագործել նաև որպես բացօթյա համերգների և ներկայացումների, հայտնի մարդկանց հետ հանդիպումների կազմակերպման վայր: Նախատեսվում է երեխաների և մեծահասակների համար ջրային ատրակցիոնների կառուցում` Հրազդան գետի հատվածում:
Կգործի միջնադարյան ոճով կառուցված ամրոց՝ չորս աշտարակներով, որտեղ կկազմակերպվեն զանազան ժամանցային միջոցառումներ:
Նախատեսվում է այգու մի քանի մուտք՝ Ծերեթելի և Բագրատունյաց փողոցներից, ինչպես նաև Երևանյան լճի մոտից:

 

Տեխնիկական ցուցանիշներ.   Տարածքը գտնվում է Երևանյան լճի հարավային հատվածում (Շենգավիթ վարչական շրջան)` 26.0 հա մակերեսով: Տարեկան կտրվածքով նախատեսվում է շուրջ 300 000 այցելու:

 

Ծրագրի ժամկետներ. Շինարարության տևողությունը` շուրջ 3 տարի:

 

Ծրագրի արժեքը. Շինարարության արժեքը կկազմի շուրջ 28 մլն ԱՄՆ դոլար

 

Ներդրումների ձևը և հիմնական պայմանները.  Ծրագիրը նախատեսվում է իրականացնել մասնավոր ներդրումների ներգրավմամբ: Երևանի քաղաքապետարանը ներդրողին կաջակցի հողատարածքների իրավական կարգավիճակի մասին տեղեկատվության տրամադրման, ծրագրի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձեռքբերման գործում: Երևանի քաղաքապետարանը կդիտարկի նաև  հողատարածքների օգտագործման վարձավճարների արտոնյալ կարգի հաստատման հնարավորությունը և պայմանները: Երևանի քաղաքապետարանը կաջակցի նաև իրացման ծրագրի կազմման և  գործընթացի կազմակերպման գործում:

 

Ներկա իրավիճակ. Առկա է հայեցակարգային նախագիծ՝ մշակված «Երևան նախագիծ» ընկերության կողմից:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player