ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

«Հայաստանի 12 մայրաքաղաքներ» թեմատիկ այգու կառուցման ներդրումային նախագիծ

Ծրագրի նկարագիրը.    Ծրագրի նպատակն է Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի նախաշեմին ստեղծել յուրահատուկ այգի, որտեղ կցուցադրվի Հայաստանի 12 մայրաքաղաքների (Արմավիր, Վան, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի, Երևան) պատմական, մշակութային, ճարտարապետական յուրահատկությունը: Այս այգում այցելուն կարող է գտնել շինությունների, ճարտարապետական կոթողների, վանական համալիրների, տաճարների, բերդաամրոցների պատմամշակութային ժառանգությունը և մարդկանց կենսակերպը ներկայացնող մանրակերտ ցուցանմուշներ: Վանը հանդես կգա քարաժայռի վրա կառուցված միջնաբերդով, այգեստաններով, ծաղկանոցներով և իր ժամանակաշրջանի համար եզակի ջրանցքով: Երվանդաշատը կներկայանա Արաքս գետի ափին կառուցված միջնաբերդով՝ բարձր պարիսպներով, պղնձակոփ և ամրակուռ դռներով:

 Կցուցադրվի Արտաշատ մայրաքաղաքը, որին ժամանակակիցները անվանում էին «Հայկական Կարթագեն»: Այն կներկայացվի իր միջնաբերդով, երկշար պարիսպներով, պալատներով, Անահիտ աստվածուհուն նվիրված մեհյանով, ինչպես նաև այստեղով ժամանակին անցնող «Մետքասի ուղին»՝ իր իջևանատներով և վաճառականներով: Տիգրանակերտի մանրակերտը կցուցադրի քաղաքի հաստաբեստ պարիսպները, արքայի պալատը, շրջապատված լճերով, զբոսայգիներով: Այգում կցուցադրվի Վաղարշապատում գտնվող Անահիտ աստվածուհու վերականգնված տաճարը, առասպելական Արմավիրի պարիսպները և պալատները, Դվին մայրաքաղաքի միջնաբերդի վերականգնված տեսքը, պաշտամունքային Բագարանը, Աշոտ Երկաթ թագավորի արքայանիստ Շիրակավանը, Կարս քաղաքի ամրակուռ բերդը, «Հազար ու մեկ եկեղեցիների քաղաք» Անին: Երևանը կներկայացվի հիմնադրման ժամանակշրջանից մինչև մեր օրեր:

 Կնախատեսվեն տեղեկատվական վահանակներ, որոնք հնարավորություն կտան այցելուին ծանոթանալ այս կամ այն նմուշի պատմության և հետաքրքիր փաստերի հետ: Այցելուն հնարավորություն կունենա նաև համտեսել մայրաքաղաքների խոհանոցների լավագույն ավանդական ուտեստները: 

Նախագծի իրականացման արդյունքում բնակիչները, ինչպես նաև Երևան ժամանող հյուրերն այցելելով այգի՝ պատկերացում կկազմեն Հայաստանի մայրաքաղաքների պատմության մասին:

 Նմանատիպ մանրակերտ ցուցանմուշներով այգիներ կան աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Բելգիայում, Ֆրանսիայում, Հոլանդիայում, Իտալիայում, Ավստրայում, Իսպանիայում, Իսրայելում, Ուկրաինայում և այլն երկրներում:

Նախատեսվող այգում կգործեն զբոսավարներով տուրեր, կկազմակերպվեն բացօթյա մշակութային միջոցառումներ, ինչպես նաև հայկական ազգային թեմատիկ փառատոններ: Այգում կտեղադրվեն նստարաններ, կկառուցվի նաև հուշանվերների խանութ, կգործեն սննդի կետեր, կայանատեղ:

 

 

Տեխնիկական ցուցանիշներ.    Համալիր կենտրոնի ընդհանուր մակերեսը կկազմի շուրջ 5000 քմ:

 

 

Ծրագրի ժամկետներ.    Ծրագրի իրականացման ժամկետը՝ շուրջ 2 տարի:

 

 

Ծրագրի արժեքը.   Շուրջ 3 մլն ԱՄՆ դոլար:

 

 

Ներդրումների ձևը և հիմնական պայմանները.    Ծրագիրը նախատեսվում է իրականացնել համայնք-մասնավոր հատաված համագործակցության շրջանակներում:

 

 

Ներկա իրավիճակ.    Առկա է հայեցակարգային նախագիծ:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player