ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Շենգավիթ հնավայրի վերականգնման և զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծման ներդրումային առաջարկ

Ծրագրի նկարագիրը.   Շենգավիթի պատմահնագիտական արգելոցի վերականգնման և զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծման ծրագրի նպատակն է ցուցադրել 6000-ամյա բնակատեղի պատմությունը և ժառանգությունը՝ ստեղծելով զբոսաշրջային կենտրոն:
Շենգավիթ բնակատեղին Հայաստանի վաղ բրոնզի շրջափուլի ամենանշանավոր հնագիտական հուշարձաններից է: Գտնվում է Երևան քաղաքի հարավարևմտյան հատվածում՝ Հրազդան գետի ձախ ափին: Հնավայրում հետազոտություններ և պեղումներ են իրականացվել 1936-1938թթ. ընթացքում, որոնք վերսկսվել են 1958թ: Հնագիտական պեղումներից պարզվել է, որ այս բնակատեղին շրջափակված է եղել անմշակ քարերից կառուցված հզոր պարսպով և ունեցել է դեպի Հրազդան (հնում` Իլդարունի) գետը տանող ստորերկրյա սալածածկ գետնուղի, իսկ պարսպից դուրս տարածվել է դամբարանադաշտը: Շենգավիթ հնագույն բնակատեղին պատկանում է նախնադարյան համայնական տոհմական հասարակության ժամանակաշրջանին:
Բուն բնակատեղին բաղկացած է հաջորդաբար իրար վրա կառուցված մշակութային ու հնագիտական 4 շերտերից՝ 4 մետր խորությամբ.
1-ին շերտ՝ ուշ նեոլիթ /3500-3000թթ./, 2-րդ շերտ՝ վաղ էնեոլիթ /3000-2700թթ./, 3-րդ շերտ՝ միջին էնեոլիթ /2600-2300թթ./, 4-րդ շերտ՝ ուշ էնեոլիթ /2300-2000 թթ./:

Շենգավիթում հայտնաբերված իլիկի գլուխները վկայում են մանածագործության տարածվածության և զարգացման մասին: Պատրասվել են գործվածքներ, հագուստներ: Պեղված նյութերի հիման վրա 1968 թվականին բացվել է Շենգավիթ թանգարանը, որը հանդիսանում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանի մասնաճյուղը:
2003թ. թանգարանը վերանվանվել է Շենգավիթ պատմահնագիտական արգելոցի: Հնավայրի նյութերի որոշ մասն այսօր գտնվում է նաև Երևան քաղաքի և Հայաստանի պատմության թանգարաններում:

Ծրագրի շրջանակում հնավայրի տարածքում նախատեսվում է կառուցել՝

1. Թանգարանային համալիր

• ցուցասրահ, նաև ժամանակավոր ցուցադրությունների սրահ,
• կոնֆերենս սրահ, որը կունենա նաև կինոսրահ,
• ֆոնդապահոց, պահեստ,
• գրադարան,
• գրասենյակ, տոմսերի վաճառքի կրպակ
• տեսաձայնային ինովացիոն սարքավորումներով, ինտերակտիվ քարտեզներով, այլ ցուցադրական և համակարգչային ծրագրերով հագեցվածության ապահովում:


2. Այցելուների և զբոսաշրջիկների համար սպասարկման ենթակառուցվածնքների հատված
• սրճարան՝ փակ և ամառային, որը կհանդիսանա նաև հնագիտականի պեղումների դիտահարթակ,
• հուշանվերների և գրքերի վաճառքի կրպակ, այցելուների լուսանկարահանման համար համապատասխան միջավայրի ձևավորում,
• արտաքին լուսավորության ապահովում,
• անցակետի կազմակերպում,
• ավտոկայանատեղի,
• տարածքի ցանկապատում:

3. Հնավայրի ցուցադրական /էքսպոզիցիոն/ հատված
• ցուցադրության /էքսկուրսիոն/ երթուղու մշակում,
• երթուղու ծրագծով անցուղիների սալահատակի, կամրջակների և հարթակների տեղադրում, անցուղիների վերականգնում, բետոնե սալերի փոխարինում սալերով,
• ժամանակավոր ցուցադրությունների սրահի և տաղավարների կառուցում, որտեղ կցուցադրվի գորգագործության և մանածագործության արհեստը,
• տարածքի բարեկարգում և առանձին հատվածների կանաչապատում սիզախոտերով. այն հնարավորություն կտա կանաչ «գորգի» մեջ լավագույնս մատուցել հնագիտական շինությունները և անցուղիները,
• երթուղու ծրագծով հնավայրի գտածոների ցուցադրություն /բաց կամ փակ՝ ապակեպատ/,
• երթուղու ծրագծով հնագիտական կառույցների վերականգնում, ամրակայում և մատուցում,
• կկիրառվի հնավայրի պեղված հատվածների, բնակելի շինությունների ցուցադրության այն մեթոդը, ըստ որի ենթադրվում է հողի տակ անխաթար թողնել հնագիտական շինությունները, իսկ հողից դուրս վերջինիս վրա կառուցել նրա կրկնօրինակն այլ նյութերով՝ շեշտելով հատակագծային լուծումները, փողոցները, մուտքերը և այլն,
• առկա կլոր հատակագծերով շինությունների, մուտքերի վերականգնում, իսկ նրանց մեջ կայուն նյութից պատրաստված, շենգավիթյան մշակույթին հատուկ կրակարանների տեղադրում,
• հնավայրի ամբողջ տարածքի կահավորում QR կոդերով ցուցանակներով, աուդիո-գիդերի համակարգի ներդրում, ինչպես նաև ինտերակտիվ կրպակների կիրառում, որոնք այցելուն, համապատասխան ծրագրի առկայության պայմաններում, կարող է պահել կիսավեր շինության վրա և տեսնել նրա վերականգնված վիճակը,
• լուսաձայնային լազերային էֆֆեկտների ապահովում,
• ուղեցույցների, մակետների և ցուցանմուշների տեղադրում,
• սահմանափակ հնարավություններ ունեցող անձանց համար մատչելիության ապահովում:

 


Տեխնիկական ցուցանիշներ.    Հնավայրի ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 6.2 հա, ներկայիս փաստացի սահմանները՝ 3,218 հա: Թանգարանային հատվածը կազմում է 1055 քմ, ցանկապատի երկարությունը՝ 180 գծմ, ավտոկայանեղի՝ 740քմ:

 

 

Ծրագրի ժամկետներ Ծրագրի իրականացման ժամկետը 2 տարի է:

 

 


Ծրագրի արժեքը.    Ծրագրի ընդհանուր արժեքը շուրջ 1.6 մլն. ԱՄՆ դոլար է: Հնարավոր է ծրագիրն իրականացնել նաև փուլային տարբերակով։

 

Ներդրումների ձևը և հիմնական պայմանները. Ծրագիրը նախատեսվում է իրականացնել համայնք-մասնավոր համագործակցության շրջանակում:

 

 


Ներկա իրավիճակ. Ծրագրի որոշ տարրերի համար առկա է նախագիծ, իսկ լայնածավալ ծրագրի համար առկա է էսքիզային նախագիծ:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player