ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Երևանի բուսաբանական այգում բացօթյա հանգստի, ժամանցի և զբոսաշրջային կենտրոն հիմնելու ծրագիր

 

Ծրագրի նկարագիրը.  Երևանի բուսաբանական այգին ինքնատիպ ազգային արժեք ներկայացնող գիտական, էկոկրթական հաստատություն է, որն ունի ավելի քան 80-ամյա պատմություն: Այգին իրականացնում է «Կենսաբազմազանության մասին» միջազգային կոնվենցիայի շրջանակներում ՀՀ Կարմիր գրքում գրանցված (հազվագյուտ և վտանգված) ազգային և համաշխարհային արժեք ներկայացնող բուսատեսակների գենոֆոնդի պահպանությանն ուղղված ուսումնասիրություններ: Ներկայումս էկոլոգաաշխարհագրական դասական սկզբունքով ստեղծված Կովկասի, Ամերիկայի, Արևելյան Ասիայի, Եվրոսիբիրի ֆլորաների էքսպոզիցիոն հողամասերում ցուցադրված են շուրջ 5000 անվանում ներկայացնող արժեքավոր բուսատեսակների հավաքածուներ: Գիտական կարևոր արժեք է ներկայացնում հատկապես Հայաստանի բուսական աշխարհի եզակի հողամասը (ex situ հավաքածու, 1,5 հա, 1935թ.), որտեղ կենտրոնացված է հանրապետության չափազանց հարուստ ֆլորայի (շուրջ 3500 տեսակ) մոտ 1/2-ը (ավելի քան 1800 տեսակ):

Բուսաբանական այգին իր գիտական գործունեությամբ, բուսական հավաքածուների կազմով ու բնույթով ունի միջազգային մեծ ճանաչում և համարվում է տարածաշրջանի առաջատար գիտական հաստատություններից մեկը: Այգին համագործակցում է նաև աշխարհի շուրջ 400 բուսաբանական գիտական հաստատությունների հետ: ՀՀ ԳԱԱ Բուսաբանական այգին հանդիսանում է ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի կառուցվածքային գիտափորձարարական ստորաբաժանումը և համապատասխանաբար՝ գիտափորձարարական և ուսումնաարտադրական բազա ՀՀ ԲՈՒՀ-երի կենսաբանական և էկոլոգիական ուղղվածության մասնագիտությունների համար:

 

Ծրագրի նպատակն է բուսաբանական այգում ստեղծել թեմատիկ պարկ՝ հանգստի, ժամանցի և զբոսաշրջային կենտրոն՝ բոլոր տարիքային խմբերի այցելուների և զբոսաշրջիկների համար։ Այգին բաղկացած կլինի հինգհիմնական գոտուց

  • պահպանվող ծառատեսակներ և բուսատեսակներ, տարբեր տարածաշրջանների բուսականությամբ էքսպոզիցիոն տարածքներ,
  • էկոկրթական կենտրոն
  • հանգստի և ակտիվ ժամանցի գոտի,
  • ազգագրական կենտրոն,
  • զբոսաշրջային կենտրոն,

 

 

Ծրագիրը կներառի՝

- մարզական բաղադրիչ ակտիվ հանգստի և ժամանցի համար՝ վազքուղ և հեծանվուղու ստեղծում (շուրջ 3կմ), հարթակների ստեղծում մարզումների համար, այդ թվում՝ յոգայի դասընթացների։ Տարածքում նախատեսվում շախմատի հարթակի ստեղծում։ Կքննարկվի նաև ձիավարության գոտու ստեղծման հնարավորությունը։

- էկոկրթական բաղադրիչ՝ հանգստյան օրերին առկա բուսականության վերաբերյալտարիքային տարբեր խմբերի համարխմբային և անհատական էքսկուրսիաների կազմակերպում, այգում միջոցառումների հարթակի հիմնում՝ տարբեր բացօթյա դասընթացների կազմակերպման նպատակով, ինչպես օրինակ բնության, շրջակա միջավայրի, առողջ ապրելակերպի վերաբերյալ, բնության, ինչպես նաև էթնոգրաֆիկ  թանգարանի հիմնում, բացօթյա էկոկրթական և արվեստի ցուցադրությունների գոտիների ստեղծում, ինտերակտիվ գրադարան։Նախատեսվում է նաև բնապահպանական կրթության խմբակի ստեղծում, որի անդամները կմասնակցեն այգու խնամքին և կներգրավվեն բնապահպանական գործունեությանը:

- ազգագրական կենտրոնի հատվածում կնախատեսվի համապատասխան միջավայր՝ ամֆիթատրոնով, որտեղ կցուցադրվեն ծիսական ներկայացումներ, երգի և պարերի ազգագրական համարներ, հայոց պատմությունը, ավանդույթները և  կենցաղը ներկայացնող այլ ցուցադրումներ,

- ընտանիքների և զբոսաշրջիկների համար համապատասխան ենթակառուցվածքների հիմնում, ինչպես օրինակ սննդի, հուշանվերների, բույսերի  և ծաղիկների վաճառքի կետեր, մանկական խաղահրպարակներ, բացօթյա կինոդահլիճ՝ ֆիլմերի, այդ թվում՝ բնապահպանական ֆիլմերի պարբերական դիտումների կազմակերպման նպատակով, ընտանեկան հանգստի սենյակներ, շվաքարաններ, նստարաններ և այլն,

- ձմեռային այգու հիմնում,բուսական լաբիրինթի ստեղծում,

- այգու եռալեզու քարտեզի ստեղծում, որտեղ կնշվի արժեքավոր ծառատեսակները և բուսատեսակները, միջոցառումների հարթակները, վազքուղիները և հեծանվուղիները։ Նախատեսվում է ստեղծել նաև ինտերակտիվ վեբ կայք, որը նաև կունենա վիրտուալ տուրի հնարավորություն,

- այգու ամբողջ տարածքի կահավորում QR կոդերով ցուցանակներով, սմարթֆոնների համար նախատեսված հավելվածի ստեղծում՝ այգու և այգու բուսականության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությամբ։ Այգում կգործի անվճար Wi-Fi,

- այգին կունենա երկու հիմնական մուտք՝ տոմսարկղերով,

-այգու ամբողջ տարածքով հնարավորություն կլինի շրջել էլեկտրոմոբիլներով,

- ոռոգման ցանցի և արտաքին լուսավորության արդիականացում,

- ցանկապատի, ավտոկայանատեղի կառուցում:

1. Ավտոկայանատեղեր
2. Դենդրոհավաքածուներ (Էքսպոզիցիոն)
3. Բուսաբանության ինստիտուտի մասնաշենք
4. Ջերմատներ
5. Կենսաբազմազանության պահպանության և էկոկրթության կենտրոն
6. Հայաստանի ֆլորայի էքսպոզիցիոն հողաման
7. Այցելուների տեղեկատվական կենտրոն և թանգարան
8. Դեկորատիվ ծառերի և թփերի տնկարան
9. Ծաղկաբույսերի աճեցման տեղամաս
10. Կոլեկցիոն պտղատու այգի
11. Հեծանիվների վարձակալման կետ
12. Հեծանվային ուղի
13. Բացօթյա միջոցառումների գոտի
14 Ձիավարության գոտի

 

Տեխնիկական ցուցանիշներ.  Այգու տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 80 հա: Գիտական հավաքածուները և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքները զբաղեցնում են այգու տարածքի մոտ ¾-ը (շուրջ 60-61 հա): Մնացած 18-20 հա տարածքի վրա նախատեսվում է այցելուների համար հանգստի և ժամանցի վայրի կազմակերպում:

 

Ծրագրի ժամկետներ.  Ծրագրի իրականացման ժամկետը 3 տարի է:

 

Ծրագրի արժեքը.  Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 2,5 մլն. ԱՄՆ դոլար: Հնարավոր է ծրագիրն իրականացնել նաև փուլային տարբերակով։

 

Ներդրումների ձևը և հիմնական պայմանները.  Ծրագիրը նախատեսվում է իրականացնել համայնք-մասնավոր համագործակցության շրջանակում:

 

Ներկա իրավիճակ. Առկա է կառուցապատման հայեցակարգ:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player