ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի վերականգնում և զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծում

Ծրագրի նկարագիրը.    Ծրագրի նպատակն է ստեղծել երկրի հարուստ պատմությունը և նրա ժառանգությունը ներկայացնող մշակութային և զբոսաշրջային կենտրոն, որը կդառնա Երևան քաղաքի այցեքարտերից մեկը: Հայաստան ժամանող ավելի քան մեկ միլիոն զբոսաշրջիկների գերակշիռ մասի համար Երևան քաղաքը հանդիսանում է առաջին հյուրընկալը և հիմնական հանգրվանը:
Էրեբունին, ինչպես տարածաշրջանի, այնպես էլ հայկական հնագիտական ժառանգության նշանավոր հուշարձաններից է, որը գտնվում է Երևանի հարավարևելյան հատվածում՝ Արին-բերդ բլուրի գագաթին: Այն Ուրարտու պետության հյուսիսային սահմանի երկայնքով կառուցված ուրարտական հզոր բերդաքաղաքներից է, որը եղել է կարևորագույն տնտեսական, քաղաքական ու մշակութային կենտրոն։ Ըստ հայնտնաբերված սեպագիր արձանագրությունների Արգիշտի Առաջինի կողմից Ք.ա. 782 թվականին կառուցվել է Էրեբունի քաղաք-ամրոցը: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը բացվել է 1968 թվականին` Էրեբունի-Երևանի հիմնադրման 2750-ամյակի առիթով: Թանգարանի պահոցներում առկա է ավելի քան 10936 հնագիտական առարկա: Թանգարանն ունի գիտահետազոտական, ֆոնդերի պահպանման, էքսկուրսիայի, զանգվածային միջոցառումների բաժիններ, վերականգնման և մարդաբանական լաբորատորիաներ: Թանգարան-արգելոցը ներառում է թանգարանի շենքը, ամրոցի հատվածը (միջնաբերդ) և Խալդի Աստծո և Արգիշտի արքայի տաճարների կիսակառույցները:
Նախատեսվում է վերակառուցել և ամրակայել՝
- թանգարանի շենքը և միջնաբերդը,
- Խալդի աստծո տաճարը, Արգիշտի արքայի պալատը, զիկուրատը, կարասային սրահը,
- ամֆիթատրոնը, որտեղ կբեմադրվեն թատերականացված ներկայացումներ Երևան քաղաքի պատմական անցյալի վերաբերյալ,
- հանգստի գոտին, որտեղ կստեղծվի ուրարտական ժամանակաշրջանի խոհանոցի ներկայացման հնարավորություն, ինչպես նաև ուրարտական մշակույթին բնորոշ և պատմական միջավայրը ցուցադրող այլ տարրեր,
- վարչական շենքը, հուշանվերների խանութը, ցանկապատը, ավտոկայանատեղին:

Ծրագիրն իր մեջ ընդգրկում է հետևյալ բաղադրիչները՝
- Պատմական վերածնունդ՝ ամրոցի պատմական նշանակության և ուրարտական թագավորների դարաշրջանի, ինչպես նաև քաղաքի հիմնադրման պատմության վերականգնում, նախատեսվում է 3D տեխնոլոգիաների կիրառմամբ ներկայացումներ՝ ամրոցի և ուրարտական թագավորության պատմության վերաբերյալ: Արգելոց-թանգարանի ողջ տարածքում ուրարտական դարաշրջանին համահունչ տարրերի կիրառում:
- Մշակութային վերածնունդ՝տարվա ընթացքում արգելոցի համապարփակ տարածքներում կարող են կազմակերպվել մի շարք բացօթյա մշակութային միջոցառումներ: Հուշարձանային վայրերում ավանդական խոհանոցների կազմակերպումը բխում է նյութական և ոչ նյութական ժառանգությունների անքակտելի կապից։ Առաջարկվող ուրարտական խոհանոցը կազմակերպվելու է ամրոցի տարածքից դուրս՝ բլրի ստորոտին և կրկնելու է ուրարտական արքայական ճաշասենյակը՝ համապատասխան ձևավորմամբ (ուրարտական որմնանկարներով, արժեքավոր գտածոների կրկնօրինակով և այլն), որտեղ այցելուն կարող է վերականգնված տեսնել ուրարտական սեղանը և աթոռները, խոհանոցային սպասքը և համտեսել ուրարտական հնավայրերից հայտնաբերված սննդամթերքների հիմքի վրա վերականգնված բաղադրատոմսերով ուտեստները։
- Կրոնական վերածնունդ՝ ժամանակի պաշտամունքային միջավայրի և ուրարտական աստվածների դիցարանի վերաբերյալ ճանաչողական միջոցառումների, բեմադրությունների կազմակերպում՝ հաշվի առնելով, որ տարածքում գտնվում է ուրարտական դիցաբանության գերագույն՝ Խալդի աստծո տաճարը:

- Հնագիտական նշանակություն՝ «Էրեբունի» արգելոց-թանգարանն իր հնագիտական արժեքով մեր տարածաշրջանում կարող է դառնալ ուրարտագիտության ուսումնասիրման կարևոր կենտրոններից մեկը օտարերկրյա հնագետների և գիտնականների համար: Այստեղ արդեն գործում է «Պատանի հնագետ» դպրոցը:

- Ենթակառուցվածքային զարգացում՝ թանգարանի տարածքը հնարավորություն է տալիս օգտագործել շրջապատող գոտիները յուրահատուկ բուսականության աճեցման, հանրային ծառայությունների զարգացման, սահմանափակ կարողություններով անձանց ինտեգրման պայմանների ստեղծման և այլ հնարավորությունների համար:

Արգելոց-թանգարանի վերակազմություն ծրագրում կարևորվում է արդի տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը, ինչպես օրինակ՝ ցուցանակների վրա QR կոդերի կիրառումը, աուդիո–գիդերի տրամադրումը, ինտերակտիվ կրպակների տեղադրումը, հեռախոսային ծրագրերի ապահովումը և այլն:
Տեխնիկական ցուցանիշներ Ընդհանուր մակերեսը կազմում է 27.9 հա տարածք:

Ծրագրի ժամկետներ.    Ծրագրի իրականացման ժամկետը 3 տարի է:

 


Ծրագրի արժեքը. Ծրագրի արժեքը կազմում է շուրջ 10 մլն. ԱՄՆ դոլլար: Հնարավոր է ծրագիրն իրականացնել նաև փուլային տարբերակով։

 

 

Ներդրումների ձևը և հիմնական պայմանները.    Ծրագիրը նախատեսվում է իրականացնել համայնք-մասնավոր համագործակցության շրջանակում:

 


Ներկա իրավիճակ.   Առկա է կառուցապատման էսքիզային նախագիծ:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player