ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

««Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ» ՓԲԸ

Տեսնել քարտեզի վրա
««Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ» ՓԲԸ

«Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն» ՓԲ կենտրոնը ստեղծվել է 2003թ.՝ 8-րդ բուժմիավորում ՓԲԸ հենքով: 8-րդ բուժմիավորումը Զեյթուն թաղամասի առաջին առողջապահական հիմնարկն էր. ստեղծվել է 1957թ., որպես համաբուժարանային-հիվանդանոցային համալիր: Տարիների ընթացքում թաղամասի զարգացմանը զուգընթաց կառուցվեցին նոր մասնաշենքեր, բացվեցին բաժանմունքներ և կաբինետներ, ավելացավ բնակչությանն սպասարկող բժշկական անձնակազմի թիվը, բարձրացավ բժշկական օգնության մակարդակն ու որակը:
2003թ. ՀՀ կառավարության որոշմամբ 8-րդ բուժմիավորման հենքով ստեղծվեց «Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն, որի կազմի մեջ մտան Զեյթուն և Արաբկիր մանկական համաբուժարանները, Հիգիենայի և մասնագիտական հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտը: Բժշկական կենտրոնում աշխատում են 334 բժիշկներ, առկա է 491 միջին և կրտսեր բուժանձնակազմ: Կենտրոնի աշխատողներից 5-ը բժշկագիտության դոկտոր է, 20-ը` բժշկական գիտությունների թեկնածու, 4-ը` կենսաբանական և տեխնիկական գիտությունների թեկնածու: Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ն Երևանի պետական բժշկական համալսարանի և Առողջապահության ազգային ինստիտուտի ուսանողների ուսուցման կլինիկական բազա է:
Անցած 3 տարվա ընթացքում հիվանդանոցում բացվել են նոր բաժանմունքներ` ուրոլոգիայի և անդրոլոգիայի կենտրոնը, պլաստիկ վերականգնողական և միկրովիրաբուժության, քիթ-կոկորդ-ականջաբանական, ցածր տեսողության բաժանմունքները:
Ներկայումս Քանաքեռ-Զեյթուն ԲԿ ընկերությունում գործում են թերապիայի, էնդոկրինոլոգիայի, նյարդաբանության, ընդհանուր վիրաբուժության, դիմածնոտային վիրաբուժության, պլաստիկ վերականգնողական և միկրովիրաբուժության, գինեկոլոգիայի, ակնաբուժության, անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքները, ուրոլոգիայի և անդրոլոգիայի կենտրոնը, ծննդատունը: Ժամանակակից նոր սարքավորումներով և գործիքներով են հագեցվում բժշկական կենտրոնի լաբորատոր-ախտորոշիչ ծառայությունները` կլինիկական, կենսաքիմիական, մանրէաբանական լաբորատորիաները, ճառագայթային և ֆունկցիոնալ-գործիքային հետազոտությոնների կաբինետները:
Վերանորոգվել և եվրոպական չափորոշիչներին են համապատասխանեցվել անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման, վիրաբուժական, ակնաբուժական գլաուկոմայի և ցածր տեսողության բաժանմունքները, ուրոլոգիայի և անդրոլոգիայի կենտրոնը : Վերանորոգվել և սանիտարական նորմերին են համապատասխանեցվել հիվանդանոցի ընդունարանը և կլինիկական լաբորատորիան: Վերանորոգման փուլում է նոր ստեղծվող էնդոկարդիովասկուլյար վիրաբուժության և ախտորոշման կենտրոնը:
Հետևողական աշխատանք է իրականացվում հիվանդանոցում ապաքինվող հիվանդների դեղորայքային սպասարկման մակարդակը բարձրացնելու համար. հիվանդանոցի տարբեր բաժիններում բուժվող հիվանդների համար 2006թ. դեղորայքի ձեռք բերման ծախսված գումարները ավելի քան 3 անգամ գերազանցում են 2003թ. ցուցանիշը` կազմելով շուրջ 110 մլն դրամ:
Նյութատեխնիկական հենքի, դեղորայքով ապահովվածության, բժշկական կադրերի մասնագիտական որակավորման մակարդակի բարձրացման, վարվելակերպի նորմերի անշեղ պահպանման շնորհիվ 1,5 անգամ ավելացել է բժշկական կենտրոնի հիվանդանոցի բաժանմունքներում բուժվել ցանկացողների թիվը` 4 հազարից հասնելով ավելի քան 6 հազարի: Իրականացված միջոցառումների շնորհիվ հիվանդանոցում նվազել է հիվանդների բուժման միջին տևողությունը: Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ն ունի նաև զարգացման բազմաթիվ ծրագրեր:

 

Տնօրեն` բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայկ Պետրոսյան

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան փող., 7 շենք
Էլեկտրոնային փոստ ` qzmc@mail.ru
Կայք` www.kanaker-zeytunmc.am
Հեռ.` (010) 28-58-09, (010) 23 36 86

Լուսանկարներ