Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

23.03.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1085-Ա 23.03.2020թ.

 

ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ
ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արարատ Մեջլումյանի դիմումը` Տ. Պետրոսյան փողոցի հ.29/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոտեխսպասարկման կայանի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 12.07.2017թ. h.12072017-01-0124 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:
Տ. Պետրոսյան փողոցի հ.29/1 հասցեում գտնվող գույքի կադաստրային արժեքը կազմում է 1306800 ՀՀ դրամ:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2019թ. դեկտեմբերի 25-ի հ.178-Ն որոշման հավելվածով.
1. Լիազորել Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Մ.Թումասյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Արարատ Մեջլումյանի հետ կնքել համաձայնագիր` Տ.Պետրոսյան փողոցի հ.29/1 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կայանի զբաղեցրած 21.3քմ մակերեսով հողամասի համար 19.08.2005թ. կնքված վարձակալության հ.419/ԴԹ պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) պայմանագրում «Գայանե Ղազարյան» բառերը փոխարինել «Արարատ Մեջլումյան» բառերով.
2) պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ հետևյալ բովանդակությամբ.
«Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը:».
3) պայմանագրի 5.5 ենթակետից հանել «և ամրակայված անշարժ գույքը վարձատուին օտարելու» բառերը.
4) պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր՝ 6.8, 6.9 և 6.10 ենթակետերով, հետևյալ բովանդակությամբ.
«6.8 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդումային ծրագրերի իրականացմամբ կամ քաղաքաշինական խնդիրների կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված՝ վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված կամ դադարած՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում՝ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ վարձատուի դիմումի հիման վրա:».
«6.9 Սույնով կողմերը անվերապահորեն համաձայնվում են, որ պայմանագրի 6.8-րդ ենթակետի համաձայն պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին Վարձատուի գրավոր ծանուցումը իրականացվում է հետևյալ երեք եղանակներով միաժամանակ.
ա. Վարձատուի գրավոր ծանուցումը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am ինտերնետային կայքերում,
բ. Վարձատուի գրավոր ծանուցումը ուղարկվում է Վարձակալի էլեկտրոնային հասցեին (փոստին) ՝առկայության դեպքում,
գ. Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ՝ պատվիրված նամակով:».
«6.10 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում և երաշխավորում են, որ պայմանագրի 6.9-րդ ենթակետում նշված ծանուցման եղանակները համարվում են պատշաճ և վավեր: Ընդ որում ծանուցումը նշված կայքերում հրապարակվելու օրվանից վարձակալը համարվում է պատշաճ ծանուցված պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին: Վարձակալը անվերապահորեն համաձայնվում է, որ պայմանագրի գործողության ողջ ընթացքում www.yerevan.am և www.azdarar.am կայքերին հետևելն իր անընդհատ և որևէ հանգամանքով չընդհատվող պայմանագրային պարտավորություն է:»:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                          Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ