Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.04.2017

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ

1258-Ա 20.04.2017թ.

ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.39 ՇԵՆՔԻ Հ.67 ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Միշա Մադոյանը, Ալբերտ Մադոյանը և Ջուլիետտա Զաքարյանը 16.12.2016թ. դիմում են ներկայացրել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին և խնդրել են Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի հ.39 շենքի հ.67 բնակարանը սեփականության իրավունքով անհատույց փոխանցել /օտարել, մասնավորեցնել/ նշված հասցեի բնակարանում հաշվառած և մշտապես /փաստացի/ բնակվողներին` Միշա Արտավազդի Մադոյանին, Ջուլիետտա Գերասիմի Զաքարյանին և Ալբերտ Միշայի Մադոյանին առանց նշված հասցեի բնակարանում հաշվառված, սակայն երբևէ մշտապես /փաստացի/ չբնակվող Ջեննի Սամվելի Խաչատրյանին և Գայանե Ալբերտի Մադոյանին սեփականության իրավունք փոխանցելուն /օտարելուն/:
Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալի 22.12.2016թ. հ.25/02-Մ9347 գրությամբ Միշա Մադոյանի, Ալբերտ Մադոյանի և Ջուլիետտա Զաքարյանի 16.12.2016թ. դիմումը չի բավարարվել:
Միշա Մադոյանը, Ալբերտ Մադոյանը և Ջուլիետտա Զաքարյանը Երևանի քաղաքապետին ուղղված 27.12.2016թ. հ.Մ-9598 դիմում-բողոքով խնդրել են Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի 22.12.2016թ. հ.25/02-Մ-9347 գրությունը ճանաչել անվավեր /վերացնել/, Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին հասցեագրված դիմումով ներկայացված խնդրանքը բավարարել /խնդրանքը բավարարելու վերաբերյալ կայացնել որոշում/, այն է` Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի հ.39 շենքի հ.67 հասցեի բնակարանը սեփականության իրավունքով անհատույց փոխանցել /օտարել, մասնավորեցնել/ նշված հասցեի բնակարանում հաշվառված և /մշտապես/ փաստացի բնակվողներին` Միշա Արտավազդի Մադոյանին, Ջուլիետտա Գերասիմի Զաքարյանին և Ալբերտ Միշայի Մադոյանին /բնակվողների անվամբ/` առանց նշված հասցեի բնակարանում հաշվառված, սակայն երբևէ մշտապես /փաստացի/ չբնակվող Ջեննի Սամվելի Խաչատրյանին և Գայանե Ալբերտի Մադոյանին սեփականության իրավունք փոխանցելուն /օտարելուն/:
Քաղաքացիներ՝ Միշա Մադոյանի, Ալբերտ Մադոյանի և Ջուլիետտա Զաքարյանի Երևանի քաղաքապետին ուղղված 27.12.2016թ. հ.Մ-9598 բողոքի հիման վրա, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<ա>> կետի հիմքով, հարուցվել է վարչական վարույթ:
Վարույթի շրջանակներում <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի <<բ>> կետի համաձայն` վարչական վարույթին, որպես երրորդ անձինք, մասնակից են դարձվել Գայանե Մադոյանը և Ջեննի Խաչատրյանը:
27.12.2016թ. հ.Մ-9598 դիմում-բողոքի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակներում հրավիրվել և անցկացվել են լսումներ /հիմք`10.01.2017թ., 20.01.2017թ., 24.02.2017թ. վարույթի լսումների արձանագրությունները/:
2.Վարչական ակտ ընդունելու հիմնավորումները.
Հայկական ՍՍՌ աշխատավորների դեպուտատների Երևանի 26 կոմիսարների շրջանային սովետի գործադիր կոմիտեի 16.10.1964թ. միասնական հ.1287 օրդերի համաձայն՝ Միշա Արտավազդի Մադոյանին իր չորս անձից բաղկացած ընտանիքով թույլատրվել է զբաղեցնել Երևանի Կոմիտասի փող. հ.5 շենքի հ.6 մուտքի 4-րդ հարկի հ.67 երկու սենյականոց 29.6քմ բնակելի մակերեսով մեկուսացված բնակարանը:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 01.03.2000թ. հ.2-299 վճռով ճանաչվել է Ջենի Խաչատրյանի և Գայանե Մադոյանի բնակելի տարածության օգտագործման իրավունքը Երևանի Կոմիտասի պող. հ.39 շենքի հ.67 բնակարանի նկատմամբ և վճռվել է նրանց բնակեցնել նշված հասցեում:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 29.05.2001թ. հ.2-752 վճռով մերժվել է Միշա և Ալբերտ Մադոյանների հայցն ընդդեմ Ջենի Խաչատրյանի`պատասխանողի ք.Երևան Կոմիտասի փող. հ.39 շենքի հ.67 բնակարանի նկատմամբ բնակելի տարածության օգտագործման իրավունքը դադարեցված ճանաչելու պահանջի մասին, իսկ Ջենի Խաչատրյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Միշա և Ալբերտ Մադոյանների` ք.Երևան Կոմիտասի փող. հ.39 շենքի հ.67 բնակարանում մեկուսացված բնակելի տարածության օգտագործման կարգ սահմանելու պահանջի մասին բավարարվել է մասնակիորեն և նշված բնակարանի 16.8քմ մակերեսով սենյակը` ընդհանուր օգտագործման իրավունքով հատկացվել է Ջուլիետա, Ալբերտ Մադոյաններին և Ջենի Խաչատրյանին ու նրա երեխային` կոմունալ և օժանդակ հարմարությունները թողնելով համատեղ օգտագործման:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության 19.09.2016թ. բնակչության պետական ռեգիստրում հաշվառման մասին հ.652800 տեղեկանքի համաձայն`Երևանի Կոմիտասի պողոտայի հ.39 շենքի հ.67 բնակարանում հաշվառված են` Ջուլիետտա Գերասիմի Զաքարյանը, Միշա Արտավազդի Մադոյանը, Ալբերտ Միշայի Մադոյանը, Ջեննի Սամվելի Խաչատրյանը և Գայանե Ալբերտի Մադոյանը:
ՀՀ արտաքին գործերի նախարարության 02.04.2014թ. հ.1108-1/07095 գրությամբ հայտնվել է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպանությունից ստացված գրության համաձայն` Ջեննի Խաչատրյանը /ծնված 12.03.1975թ./ գրանցվել է ԳԴՀ օտարերկրյա քաղաքացիների հաշվառման քաղաքային վարչությունում` որպես ՀՀ քաղաքացի, անձնագիր` AK 0413032: Ներկայումս Ջ.Խաչատրյանը հաշվառված է ք.Համբուրգ, Հելբրոկշտրասե 47 հասցեում:
Երևանի Արաբկիր վարչական շրջանի <<Արաբկիր 005>> համատիրության հ.2 մասնաճյուղի նախագահի 06.09.2016թ. տեղեկանքի համաձայն` Երևանի Կոմիտասի հ.39 շենքի հ.67 բնակարանում մշտապես բնակվել և առ այսօր էլ բնակվում են Միշա Մադոյանը, Ջուլիետտա Զաքարյանը և Ալբերտ Մադոյանը:
<<Արաբկիր-005>> համատիրության թիվ 2 մասնաճյուղի տնօրենի 28.09.2016թ. գրության համաձայն` Ջեննի Սամվելի Խաչատրյանը և Գայանե Ալբերտի Մադոյանը 2000թ. ապրիլ ամսից առ այսօր չեն բնակվում Կոմիտասի պողոտայի հ.39 շենքի հ.67 բնակարանի՝ 16.8քմ բնակելի մակերեսում:
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 07.09.2016թ. հ.ԱՏ-05/09/2016-2-0084 տեղեկանքի համաձայն` Երևանի, Արաբկիր, Կոմիտասի պողոտա հ.39 շենքի հ.67 բնակարանի նկատմամբ գրանցված է Երևան համայնքի սեփականության իրավուքը: Գույքի նկատմամբ այլ անձանց օգտագործման իրավունքներ գրանցված չեն:
<<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Երևանի քաղաքապետն իր իրավասության սահմաններում, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, ընդունում է որոշումներ, արձակում կարգադրություններ:
Երևան քաղաքի ավագանու 2016թ. դեկտեմբերի 21-ի <<Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման 2017 թվականի ծրագրի վերաբերյալ>> հ.648-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 4-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն` Երևան քաղաքի սեփականություն համարվող բնակարանները, բնակելի տները և բնակելի տարածքները կարող են Երևանի քաղաքապետի որոշմամբ սեփականության իրավունքով անհատույց փոխանցվել /օտարվել/ այն անձին /անձանց/ կամ ընտանիքներին, որոնք`
1/ <<Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին>> և <<Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան հանդիսացել են սեփականաշնորհման /մասնավորեցման/ սուբյեկտ և /կամ/ վարձակալ, դրանց գործողության ժամանակահատվածում չեն սեփականաշնորհել /մասնավորեցրել/ իրենց բնակարանները կամ բնակելի տները, ներկայումս հաշվառված ու մշտապես /փաստացի/ բնակվում են այդ բնակարաններում կամ բնակելի տներում:
<<Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին>> ՀՀ օրենքի /վերնագիրը փոփոխվել է 11.05.1998թ. հ. ՀՕ-222/ 3-րդ մասի համաձայն` սեփականաշնորհման սուբյեկտ են հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, տվյալ բնակտարածությունում գրանցում ունեցող, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում բնակտարածության նկատմամբ իրավունքը պահպանած քաղաքացիները:
<<Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին>> ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` պետական բնակարանային ֆոնդի բնակարանները մասնավորեցվում են տվյալ բնակարանի օգտագործման իրավունք ունեցող անձանց անունով` որպես նրանց ընդհանուր համատեղ սեփականություն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի /<<ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> 04.10.2005թ. ընդունված հ.ՀՕ-188-Ն ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով կատարված խմբագրությամբ/ 1-ին մասի համաձայն`
Անձի բնակելի տարածության օգտագործման իրավունքը ուրիշի սեփականություն հանդիսացող բնակելի տարածությունում բնակվելու իրավունքն է: Անձի բնակելի տարածության օգտագործման իրավունքն անձի հետ անխզելիորեն կապված իրավունք է, որը չի կարող օտարվել, լինել գրավի, վարձակալության կամ անհատույց օգտագործման ինքնուրույն առարկա, ինչպես նաև չի կարող փոխանցվել այլ անձի ժառանգաբար կամ իրավահաջորդության կարգով:
Բնակելի տարածության օգտագործման իրավունք ունեցող անձի հետ առանց սեփականատիրոջ համաձայնության կարող են բնակվել նաև իր ընտանիքի անդամները /ամուսինը, անչափահաս երեխաները/:
ՀՀ կառավարության 2005թ. հուլիսի 14-ի հ.1231-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի <<Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին>> հ.1231-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`Հայաստանի Հանրապետությունում ծնվող Հայաստանի Հանրապետության բնակչի բնակության վայր կամ կացարան է համարվում այն վայրը, որտեղ հաշվառված են նրա ծնողները /ծնողը/:
Հիմք ընդունելով վերոգրյալն ու հաշվի առնելով, որ Միշա Արտավազդի Մադոյանը, Ջուլիետտա Գերասիմի Զաքարյանը, Ալբերտ Միշայի Մադոյանը մշտապես և փաստացի բնակվում են Երևանի Կոմիտասի պողոտայի հ.39 շենքի հ.67 բնակարանում, միաժամանակ նկատի ունենալով, որ Գայանե Ալբերտի Մադոյանը /ծնված` 01.08.1998թ./ հաշվառված լինելով Երևանի Կոմիտասի պողոտայի հ.39 շենքի հ.67 բնակարանում, իր կամքից անկախ բնակվել է այլ հասցեում, մինչդեռ ՀՀ կառավարության 2005թ. հուլիսի 14-ի հ.1231-Ն որոշման ուժով վերջինիս բնակության վայրը համարվում է ծնողի` Ալբերտ Միշայի Մադոյանի բնակության վայրը, այն է`Երևանի Կոմիտասի պողոտայի հ.39 շենքի հ.67 բնակարանը, հետևաբար Գայանե Մադոյանը <<Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին>> ՀՀ օրենքի իմաստով հանդիսանում է սեփականաշնորհման սուբյեկտ, քանի որ վերջինիս չափահաս դառնալու պահից մինչև 27.12.2016թ. բողոքի հիման վրա սույն վարույթի հարուցման պահն ընկած ժամանակահատվածը բավարար չէ ենթադրելու, որ Գ.Մադոյանը մշտապես չի բնակվել Երևանի Կոմիտասի պողոտայի հ.39 շենքի հ.67 բնակարանում.
ՈՐՈՇԵՑԻ
1. Երևան համայնքի սեփականություն համարվող /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.2761777 վկայական/, Երևանի Կոմիտասի պողոտայի հ.39 շենքի հ.67` 53,4քմ ընդհանուր մակերեսով բնակարանը նվիրել նույն բնակարանի բնակիչներ` Միշա Արտավազդի Մադոյանին, Ջուլիետտա Գերասիմի Զաքարյանին, Ալբերտ Միշայի Մադոյանին և Գայանե Ալբերտի Մադոյանին /4 անձ, այսուհետ նվիրառուներ/` որպես սեփականություն:
2. Լիազորել Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին /Հ.Վարդանյան/` Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նվիրառուների հետ կնքել բնակարանի նվիրատվության մասին պայմանագիր:
3. Ընդունել ի գիտություն, որ նվիրատվության մասին պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուների կողմից:
4.Սույն որոշումը վարչական կարգով կարող է բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։
5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա:
6.Սույն որոշման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                 Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ