Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

07.05.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


1534-Ա 07.05.2019թ.

 

ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.69 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ
ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ
ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> փակ բաժնետիրական ընկերության լիազորված անձ` Ռուբեն Հլղաթյանի դիմումը և <<Բուրգ>> փակ բաժնետիրական ընկերության գրությունը՝ Արշակունյաց պողոտայի հ.69 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հողհատկացման հիմքերը վերականգնելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել անշարժ գույքի առուվաճառքի 06.04.2017թ. հ.925 պայմանագիրը:
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 26.03.2014թ. վճռով <<Բյուրակն>> ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ և 03.04.2015թ. դատարանի որոշմամբ <<Բյուրակն>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Ռուբեն Խալաթյանը: Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 23.02.2016թ. որոշմամբ թույլատրվել է <<Բյուրակն>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ռուբեն Խալաթյանին հրապարակային սակարկություններով վաճառել <<Բյուրակն>> ՍՊԸ-ի պարտավորու-թյունների համար <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ում գրավադրված, Գևորգ Աֆանյանին սեփականության իրավունքով պատկանող, Արշակունյաց պողոտայի հ.69 հասցեում գտնվող՝ 366.1քմ մակերեսով հասարակական տարածքը:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ վերոհիշյալ հասցեի շենք-շինությունների փաստացի զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը կազմում է ընդհանուր՝ 453.35քմ, որից՝ 374.9քմ մակերեսն օգտագործվում է <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> և <<Բուրգ>> ՓԲԸ-ների կողմից համատեղ:
ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության /կատեգորիայի/ հասարակական կառուցապատման գոտում:
Քննարկվող հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1), 2), 3) ենթակետերի պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և համաձայն տարածագնահատման համաձայնեցված սխեմայի` գտնվում է 8-րդ գոտում /ծածկագիր՝ 01-011-305-002/:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետով, 135-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով և 64-րդ հոդվածի 16-րդ մասով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 11.08.2017թ. հ.18-06/1-Հ-4959 եզրակացությունը.
1. Վերականգնել Արշակունյաց պողոտայի հ.69 հասցեում գտնվող շենք-շինությունների զբաղեցրած հողամասի հողհատկացման հիմքերը՝ 453.35քմ մակերեսի չափով /որից՝ 374.9քմ մակերեսը բաժնային սեփականության իրավունքով <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> և <<Բուրգ>> ՓԲԸ-ներին/:
2. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Արշակունյաց պողոտայի հ.69 հասցեում գտնվող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները /օգտագործման նպատակը/ սահմանել համապատասխանաբար՝ բնակավայրերի և հասարակական կառուցապատման։
3. Տեղեկացնել հողօգտագործողներին, որ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ մասում ամրագրված դեպքերում` պետք է վճարվի հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը:
4. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
5. Որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
7. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
8. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                               Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ