Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

12.05.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1628-Ա 12.05.2020թ.

 

ԴԻՄՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետին ուղղված Ռոբերտ Ղարիբյանի 2019 թվականի նոյեմբերի 11-ի թիվ Ղ-3609 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համաձայն՝ հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ:
Վարչական վարույթի շրջանակներում 2019 թվականի դեկտեմբերի 4-ին, 2020 թվականի փետրվարի 28-ին և 2020 թվականի մարտի 12-ին հրավիրված լսումներին մասնակցելու նպատակով` պատշաճ ծանուցվել և մասնակցել է Ռոբերտ Ղարիբյանը:
2020 թվականի մարտի 12-ին հրավիրված լսումներին մասնակցելու նպատակով` պատշաճ ծանուցվել է պատահարին մասնակից՝ «Կամազ» մակնիշի 610LU01 հաշվառման համարով աղբատար ավտոմեքենայի վարորդ Վալոդ Թորոսյանը, ով լսումներին չի ներկայացել:
Ուսումնասիրելով 2019թվականի նոյեմբերի 11-ի թիվ Ղ-3609 դիմումը, գնահատելով 2019 դիմումին կից և վարույթի շրջանակներում ստացված ապացույցները, ինչպես նաև գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, վարչական մարմինը պարզել է հետևյալը.
2. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Երևանի քաղաքապետին ուղղված 2019 թվականի նոյեմբերի 11-ի թիվ Ղ-3609 դիմումով Ռոբերտ Ղարիբյանը հայտնել է, որ 2019 թվականի հունիսի 8-ին, Երևան քաղաքի Արաբկիրի 17-րդ փողոցի հ.2ա հասցեի մոտակայքում տեղադրված աղբամանների աղբը տեղափոխելու ժամանակ «Կամազ» մակնիշի 610LU01 հաշվառման համարով աղբատար ավտոմեքենան հետընթաց հարվածել է իր սեփականությունը հանդիսացող՝ նշված հասցեի բնակելի տան պարսպին և այն վնասել, ինչով պայմանավորված խնդրել է ձեռնարկել միջոցներ՝ վթարից առաջացած հետևանքները վերացնելու ուղղությամբ:
Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի 2019 թվականի հուլիսի 15-ի հ.25/01-Ղ2029 գրության համաձայն՝ կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արաբկիրի 17-րդ փողոցի հ.2ա հասցեում գտնվող սեփական տունը և պարիսպը սեփականության իրավունքով պատկանում են Ռոբերտ Ղարիբյանին և, որ 2019 թվականի հունիսի 8-ին «Կամազ» մակնիշի աղբատարը պատահաբար վնասել է տան պարիսպը և քաղաքացու հայտարարությունը համապատասխանում են իրականությանը:
2019 թվականի դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած լսումների ընթացքում, Ռոբերտ Ղարիբյանը, որպես ապացույց, տրամադրել է անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման 2010 թվականի դեկտեմբերի 9-ի հ.2763129 վկայականի պատճենը, ըստ որի՝ Արաբկիրի 17-րդ փողոցի հ.2ա հասցեում գտնվող 79.8քմ բնակելի տունը և 17.0գծ պարիսպը, համատեղ սեփականության իրավունքով, պատկանում են Ռոբերտ Ղարիբյանին և Ժանետ Թահմազյանին:
2019 թվականի դեկտեմբերի 4-ին տեղի ունեցած լսումների ընթացքում, Ռոբերտ Ղարիբյանը, որպես ապացույց, տրամադրել է թվով 5 լուսանկար, որոնցում պատկերված են «Կամազ» մակնիշի 610LU01 հաշվառման համարով աղբատար ավտոմեքենայի հարվածի հետևանքով Արաբկիրի 17-րդ փողոցի հ.2ա բնակելի տան պարսպի վնասված հատվածները: Ըստ Ռոբերտ Ղարիբյանի բացատրության՝ աղբատարի հարվածի հետևանքով առաջացել են ճաքեր և պարսպի տեղաշարժ, տեղից խախտվել և դեֆորմացվել է դեպի բակ տանող մետաղյա դռան շրջանակը:
2019 թվականի մայիսի 17-ին տրված տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ PB207781 վկայագրի և տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման հ.01CC207677 վկայականի համաձայն՝ «Կամազ» մակնիշի, 610LU01 հաշվառման համարանիշով ավտոմեքենան հանդիսանում է «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի սեփականությունը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի 2020 թվականի հունվարի 21-ի հ.16/01-585 գրության համաձայն՝ «Կամազ» մակնիշի աղբատար ավտոմեքենայի հետընթաց հարվածի հետևանքով Երևան քաղաքի Արաբկիր 17-րդ փողոցի հ.2ա հասցեի գույքին պատճառված վնասի չափը կազմում է 145.000 /հարյուր քառասունհինգ հազար/ ՀՀ դրամ:
2020 թվականի մարտի 12-ին տեղի ունեցած լսումների ընթացքում Ռոբերտ Ղարիբյանը պնդել է վնասը Երևանի քաղաքապետարանի կողմից հատուցելու պահանջը և հայտնել է, որ համաձայն չէ, որպեսզի Վալոդ Թորոսյանը սեփական միջոցներով և անձամբ աշխատանքներ կատարի պարսպի նորոգման ուղղությամբ, քանի որ Վալոդ Թորոսյանի առաջարկած՝ պարիսպը երեսապատելու և ներկելու միջոցով վերանորոգելու եղանակն իր համար անընդունելի է, որովհետև այդ ձևով պարիսպը չի վերականգնվի և չի լինի նախկինի պես ամուր:
3. Վարչական ակտն ընդունելու հիմնավորումները.
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունք խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Քաղաքացիական օրենսգրքի 1058–րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռոբերտ Ղարիբյանի սեփականությունը հանդիսացող՝ Երևան քաղաքի Արաբկիրի 17-րդ փողոցի հ.2ա հասցեի գույքին պատճառված վնասը հասցվել է Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող՝ «Կամազ» մակնիշի 610LU01 հաշվառման համարով աղբատար ավտոմեքենայի հետընթաց հարվածի հետևանքով, որը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի 2020 թվականի հունվարի 21-ի հ.16/01-585 գրության համաձայն՝ կազմում է 145.000 /հարյուր քառասունհինգ հազար/ ՀՀ դրամ և ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 1058-րդ հոդվածներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածով.
ՈՐՈՇԵՑԻ
1. Ռոբերտ Ղարիբյանի՝ վնասի փոխհատուցման մասին 2019 թվականի նոյեմբերի 11-ի թիվ Ղ-3609 դիմումը բավարարել:
2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության պետի 2020 թվականի հունվարի 21-ի հ.16/01-585 գրությամբ նշված 145.000 /հարյուր քառասունհինգ հազար/ ՀՀ դրամ գումարը, որպես պատճառված վնաս, փոխհատուցել Ռոբերտ Ղարիբյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                     Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ