Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.07.2017

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

 2486-Ա  19.07.2017թ.

ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ


1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետին ուղղված` Արտյոմ Մխիթարյանի 2017 թվականի հունիսի 16–ի թիվ Մ-4947 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների համաձայն` հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ:
2017 թվականի հուլիսի 11-ին, ժամը 16.00-ին հրավիրված վարչական վարույթի լսումներին մասնակցելու նպատակով ներկայացել է Արտյոմ Մխիթարյանը։
Ուսումնասիրելով Արտյոմ Մխիթարյանի 2017 թվականի հունիսի 16–ի թիվ Մ-4947 դիմումը,  գնահատելով դիմումին կից և վարույթի լսումների ընթացքում ստացված ապացույցները, ինչպես նաև գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները` վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն տրանսպորտային միջոցի գրանցման 2011 թվականի հունվարի 31-ի հ.SD101076 վկայագրի՝ «VOLKSWAGEN JETTA» 2.0 մակնիշի 24SO774 գրանցման համարանիշով ավտոմեքենան հանդիսանում է Արտյոմ Մխիթարյանի սեփականությունը։
Համաձայն Արտյոմ Մխիթարյանի 2017 թվականի հունիսի 16–ի թիվ Մ-4947 դիմումի՝ 2017 թվականի հունիսի 6–ին, Երևան քաղաքում տեղի ունեցած ուժգին քամու հետևանքով, բարդու ծառի ճյուղը կոտրվել և ընկել է Պարույր Սևակի փողոցի հ.1/3 շենքի բակում կայանված, իր սեփականությունը հանդիսացող «VOLKSWAGEN JETTA» 2.0 մակնիշի 24SO774 հաշվառման համարանիշով ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով կոտրվել է ավտոմեքենայի դիմապակին և վնասվել է վերնամասը։
Համաձայն Երևան քաղաքի Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի 2017 թվականի հունիսի 15–ի հ.1179385 31/03-Մ/67 և 2017 թվականի հունիսի 22–ի հ.1182873 31/01-Հսկ148 գրությունների՝ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետի կողմից կատարված տեղազննության արդյունքում պարզվել է, որ հունիսի 6–ի ուժեղ քամու հետևանքով բարդու ծառի ճյուղը կոտրվել և ընկել է 24SO774 հաշվառման համարանիշով «VOLKSWAGEN JETTA» 2.0 մակնիշի ավտոմեքենայի վրա՝ կոտրելով դիմապակին և քերծելով ավտոմեքենայի վերնամասը։
Համաձայն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության 2017 թվականի հունիսի 22–ի հ.17/Մ4947 գրության՝ «VOLKSWAGEN JETTA» 2.0 մակնիշի 24SO774 հաշվառման համարանիշով մեքենայի վրա ծառի տապալման պատճառ է հանդիսացել ուժգին քամին։
3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն` քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝  անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058–րդ հոդվածի 2–րդ կետի՝ վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 96–րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ սույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ Պարույր Սևակի փողոցի հ.1/3 շենքի բակում կայանված ծառի ճյուղի տապալման պատճառը հանդիսացել է ուժեղ քամին /անհաղթահարելի ուժ/ և նշված պատահարում Երևան համայնքի մեղավորությունն ապացուցող փաստաթղթեր դիմումատուի կողմից չեն ներկայացվել և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»
ՀՀ օրենքի  43-րդ և  96–րդ հոդվածներով՝
ՈՐՈՇԵՑԻ
1.Արտյոմ Մխիթարյանի՝ վնասի փոխհատուցում տրամադրելու մասին դիմումը մերժել:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը։
3.Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։


      ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                   Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ