Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.07.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ

2519-Ա  13.07.2018թ.

ԴԻՄՈՒՄԸ   ՄԵՐԺԵԼՈՒ   ՄԱՍԻՆ
    

1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետին ուղղված Վահե Քոչարյանի՝ 2018 թվականի հունիսի 20–ի թիվ Ք-407 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն՝ հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ:
2018 թվականի հուլիսի 9-ին, ժամը 16.00-ին հրավիրված վարչական վարույթի լսումներին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Վահե Քոչարյանը, վարույթի լսումներին ներկայացել և մասնակցել է Վահե Քոչարյանի ներկայացուցիչ՝ Գագիկ Մելիքյանը:
Ուսումնասիրելով Վահե Քոչարյանի՝ 2018 թվականի հունիսի 20–ի թիվ Ք-407 դիմումը,  գնահատելով դիմումին կից և վարույթի լսումների ժամանակ ստացված ապացույցները, ինչպես նաև գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն Վահե Քոչարյանի 2018 թվականի հունիսի 20–ի թիվ Ք-407 դիմումի՝ 2018 թվականի ապրիլի 8-ին Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի հ.7 հասցեի բակում կայանված «Մերսեդես Բենզ C240» մակնիշի 23SS130 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառ է ընկել, ինչի արդյունքում այն վնասվել է:
Համաձայն 2010 թվականի նոյեմբերի 23-ին տրված հ.SD098316 տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի՝  23SS130 հաշվառման համարանիշով «Մերսեդես Բենզ C240» մակնիշի ավտոմեքենան հանդիսանում է Վահե Քոչարյանի սեփականությունը:
Համաձայն «Եվրոպական փորձագիտական ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2018 թվականի հունիսի 5-ին կազմված՝ ավտեմեքենային պատճառված վնասի գնահատման հ.18-0004-EFI-AG եզրակացության՝ «Մերսեդես Բենզ C240» մակնիշի ավտոմեքենային պատճառված նյութական վնասի չափը կազմում է 1.200.000 դրամ:
Համաձայն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի 2018 թվականի հունիսի 27-ի հ.17/Ք407 գրության՝ Նալբանդյան փողոցի հ.7 հասցեում տապալված ծառը եղել է կենսունակ, սակայն ծառի բնամասն ունեցել է ներքին քայքայվածություն, որը տեսանելի չէր:
Լսումների ընթացքում Վահե Քոչարյանի ներկայացուցիչը հայտնեց, որ 2018 թվականի ապրիլի 8-ից մինչև 2018 թվականի մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում, փորձաքննության տրամադրված ավտոմեքենան, այլ վնասվածքների չի ենթարկվել, քանի որ ավտոմեքենան շահագործման պիտանի չի եղել և չի շահագործվել, ինչը հիմնավորվում է նաև նրանով, որ պատահարի օրը կատարված և փորձագետի կողմից կատարված լուսանկարներում ավտոմեքենայի արտաքին տեսքը նույնն է:
Լսումների ընթացքում Վահե Քոչարյանի ներկայացուցիչը նաև հստակեցրեց, որ վնասի փոխհատուցման պահանջն ուղղվել է Երևանի քաղաքապետին, քանի որ ծառի խնամքը գտնվում է քաղաքապետարանի պատասխանատվության ներքո, բնակիչները բազմիցս ահազանգել են հիշյալ ծառի վտանգավոր լինելու մասին և խնդրել են այն հատել, սակայն մինչև դեպքը՝ քաղաքացիների դիմումները մնացել են անարձագանք:
Վահե Քոչարյանի ներկայացուցիչը, հիմք ընդունելով «Եվրոպական փորձագիտական ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2018 թվականի հունիսի 5-ին կազմված՝ ավտեմեքենային պատճառված վնասի գնահատման հ.18-0004-EFI-AG եզրակացությունը, պահանջեց փոխհատուցել պատճառված վնասը՝ 1.200.000 դրամի չափով:
3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումները.
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
«Եվրոպական փորձագիտական ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2018 թվականի հունիսի 5-ին կազմված՝ ավտեմեքենային պատճառված վնասի գնահատման հ.18-0004-EFI-AG եզրակացությամբ հիմնավորվում է «Մերսեդես Բենզ C240» մակնիշի 23SS130 հաշվառման համարանիշի ավտոմեքենան վնասված լինելու հանգամանքը, սակայն նշված եզրակացությամբ չի հիմնավորվում ավտոմեքենայի վնասվածքները ծառի տապալման հետևանքով առաջացած լինելու հանգամանքը:
 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի  43-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝  անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն` քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:
Համաձայն քաղաքացիական օրենսգրքի 1058–րդ հոդվածի 2–րդ կետի՝ վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96–րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ սույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի  43-րդ և 96–րդ հոդվածներով, ինչպես նաև  «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով
ՈՐՈՇԵՑԻ
1.Վահե Քոչարյանի՝ վնասի փոխհատուցում տրամադրելու մասին 2018 թվականի հունիսի 20-ի թիվ Ք-407 դիմումը մերժել:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։




ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                         
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                           Կ.ԱՐԵՅԱՆ