Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.09.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2899-Ա 16.09.2020թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի
Հ.01/18-Ս9043-1529 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆ
ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևան քաղաքի Թամանյան փողոցի հ.2 շենքի հ.67 տարածք և հ.35 բնակարան հասցեներում բնակարանը ոչ բնակելի տարածքի վերակառուցման և տարածքների միավորման համար համակառուցապատողներ Հայկ Սուվարյանին և Նարինե Սարկիսյանին 05.09.2019 թվականին տրվել է հ.01/18-Ս-6770-873 նախագծման թույլտվությունը (ճարտարապետահատակագծային առաջադրանք), որի հիման վրա Երևանի քաղաքապետի հետ 26.11.2019 թվականին համաձայնեցվել է հ.01/18-05/1-Ս-9043-1219 ճարտարապետաշինարարական նախագիծը և տրվել հ.01/18-Ս-9043-1529 շինարարության թույլտվությունը:
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից 13.07.2020 թվականին ստացվել է հ.14.4.5/8026-20 գրությունը, որտեղ նշված է եղել, որ Թամանյան փողոցի հ.2 շենքի հ.67 տարածք և հ.35 բնակարան կառուցապատման հասցեներում վերը նշված մարմնի աշխատակիցների կողմից արձանագրվել են նախագծային խախտումներ և առաջարկվել է Երևանի քաղաքապետին կասեցնել 26.11.2019 թվականին տրված հ.01/18-Ս-9043-1529 շինարարության թույլտվությունը:
Հիշյալ գրությամբ ներկայացված փաստական հանգամանքներն ուսումնասիրելու և օրենքով սահմանված կարգով անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության (այսուհետ նաև՝ Վարչություն), հասարակական կարգի պահպանության ծառայության և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների կողմից Երևան քաղաքի Թամանյան փողոցի հ.2 շենքի հ.67 տարածք և հ.35 բնակարան հասցեներում կատարվել է տեղատեսություն, որի արդյունքում պարզվել է, որ նշված հասցեների համակառուցապատողների կողմից արդեն իսկ ամբողջությամբ վերացված են եղել 26.11.2019 թվականին համաձայնեցված հ.01/18-05/1-Ս-9043-1219 նախագծի պահանջներից դուրս իրականացված խախտումները:
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից նույն հասցեների վերաբերյալ 04.08.2020 թվականին ստացվել է հ.14.4.5/9207-20 գրությունը, որտեղ նշվել է նաև, որ քաղաքաշինական փաստաթղթերը հիշյալ հասցեներում տրամադրվել են սահմանված կարգի խախտումով՝ նախագծման թույլտվության տրամադրման ժամանակ հաշվի չի առնվել բազմաբնակարան բնակելի շենքի համասեփականատերերի համաձայնություններն, ուստի անհրաժեշտ է կասեցնել 26.11.2019 թվականին տրված հ.01/18-Ս-9043-1529 շինարարության թույլտվությունը:
Երևան քաղաքի Թամանյան փողոցի հ.2 շենքի հ.39 հասցեի բնակիչ Արմեն Բաբայանի 27.08.2020թ. հ.Բ-3488 դիմումի հիման վրա՝ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետի պահանջի հիմքով, հարուցված վարչական վարույթի շրջանակներում 28.08.2020 թվականին հրավիրվել են լսումներ, որին մասնակցել են կառուցապատողներ Հայկ Սուվարյանի և Նարինե Սարկիսյանի օրինական ներկայացուցիչներ Հայկ Սարգսյանը և Պավել Թադևոսյանը: Վերջիններս գրավոր հայտարարությամբ հայտնել են դիրքորոշում այն մասին, որ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմի կողմից արձանագրված խախտումներն ամբողջությամբ վերացված են, իսկ կառուցապատվող տարածքի 2-րդ հարկը նախատեսում են օգտագործել ոչ առևտրային նապատակով և այժմ դիմել են հիշյալ մարմնին՝ Թամանյան փողոցի հ.2 շենքի հ.67 տարածք և հ.35 բնակարան հասցեներում ավարտված շինարարական աշխատանքների փաստագրման համար:
<<Բազմաբնակարան շենքի կառավարման մասին>> օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը (առաստաղները, հատակները), նկուղները, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, ինչպես նաև մեկից ավելի շինություններ սպասարկող և բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակները, վերելակային և այլ հորերը, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումներն ու տարածքները, որոնք օրենքով նախատեսված կարգով չեն հանդիսանում այլ անձանց սեփականություն:
Նույն օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասի <<ժ>> կետի համաձայն՝ <<Շինությունների սեփականատերերի ժողովի լիազորությունն է հանդիսանում ընդհանուր բաժնային սեփականության կամ դրա մի մասի կառուցապատման կամ փոփոխման մասին որոշման ընդունումը>>: Նույն հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ <<Սույն հոդվածի 7-րդ կետի <<ժ>> ենթակետերում նշված հարցերով որոշումներն ընդունվում են շինության սեփականատերերի ձայների առնվազն երկու երրորդով>>:
Վերը նշվածից բխում է, որ միջհարկային ծածկերի (առաստաղների, հատակների) փոփոխումը հնարավոր է միայն շինությունների սեփականատերերի ժողովի (սեփականատերերի ձայների առնվազն երկու երրորդով) ընդունված որոշման դեպքում:
Վարչության կողմից կատարաված փաստաթղթային լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հիշյալ հասցեների քաղաքաշինական փաստաթղթերի փաթեթում առկա չէ <<Բազմաբնակարան շենքի կառավարման մասին>> օրենքով նախատեսված՝ բազմաբնակարան շենքի համասեփականատերերից որևէ մեկի համաձայնությունը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով <<Բազմաբնակարան շենքի կառավարման մասին>> օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ մասի ժ) կետի և 9-րդ մասի, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետի, 46-րդ հոդվածի, 63-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետի, 74-րդ հոդվածի պահանջներն, ինչպես նաև ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի և <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 38-րդ հոդվածի դրույթներով՝
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
1. Անվավեր ճանաչել Երևան քաղաքի, Թամանյան փողոցի հ.2 շենքի հ.67 տարածք և հ.35 բնակարան հասցեներում բնակարանը ոչ բնակելի տարածքի վերակառուցման և տարածքների միավորման համար համակառուցապատողներ Հայկ Սուվարյանին և Նարինե Սարկիսյանին Երևանի քաղաքապետարանի կողմից 26.11.2019 թվականին տրված հ.01/18-Ս-9043-1529 շինարարության թույլտվությունը:
2. Սույն որոշման պահանջների կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունների պետերի վրա։
3. Սույն որոշման կատարման հսկողությունը հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                          Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ