Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.09.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2984-Ա 18.09.2020թ.


ԱՋԱՓՆՅԱԿ ԴՈԼԵՐԻՏԱՅԻՆ ԲԱԶԱԼՏՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ
ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Վալոդյա Գրիգորյան» ՍՊԸ-ի տնօրեն Վ.Գրիգորյանը դիմել է Երևանի քաղաքապե-տարան՝ Աջափնյակ դոլերիտային բազալտների հանքավայրի զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագիր կնքելու խնդրանքով։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից 07.02.2017թ. տրված օգտակար հանածոյի արդյունահանման թիվ ՇԱԹ-29/550 թույլտվությունը և հ.Լ-550 լեռնահատկացման ակտը՝ Երևանի Աջափնյակ դոլերիտային բազալտների տեղամասի բաց եղանակով շահագործման համար։
Տարածքի տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ «Վալոդյա Գրիգորյան» ՍՊԸ-ի կողմից հանքարդյունահանման նպատակով առանձնացված հողամասի փաստացի մակերեսը կազմում է 2.6 հա /ինչն ամրագրված է հ.Լ-550 ակտում/, որից ընդերքի տեղամասի հանքավայրով զբաղեցված հողամասի մակերեսը կազմում է 1.02 հա։
Քննարկվող հողամասն ընդգրկված է հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 8-րդ գոտում։
Ղեկավարվելով հողային օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով և 59-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի հ.286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի «ը», 46-րդ կետի «դ» ենթակետերը, Երևան քաղաքի ավագանու 2019թ. դեկտեմբերի 25-ի հ.178-Ն որոշումը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 30.01.2020թ. հ.18-06/2-6036 և 28.08.2020թ. հ.18-06/1048 եզրակացությունները.
1. Աջափնյակ դոլերիտային բազալտների հանքավայրի զբաղեցրած 2.6 հա մակերեսով հողամասը վարձակալության իրավունքով, 5 (հինգ) տարի ժամկետով տրամադրել «Վալոդյա Գրիգորյան» ՍՊԸ-ին՝ տարեկան վարձավճար սահմանելով 1.02 հա հողամասի համար կադաստրային արժեքի յոթ տոկոսի չափով, իսկ 1.58 հա մակերեսով հողամասի համար՝ կադաստրային արժեքի երեք տոկոսի չափով։
2. Լիազորել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թ.Թադևոսյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, հողօգտագործողի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր, պայմանագրում ներառելով կետ ընդերքօգտագործման պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման վերաբերյալ։
3. Ընդունել ի գիտություն, որ անհրաժեշտ է հողամասի վարձակալության պայմանագրում ներառել կետ՝ ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողամասը հողօգտագործողի կողմից վերականգնելու և բարեկարգելու /ռեկուլտիվացիա/, ինչպես նաև դրանք պիտանի դարձնելու տնտեսության մեջ օգտագործման համար և անվտանգ վիճակի բերելու վերաբերյալ:
4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
5. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Ս.Ներսեսյանի վրա։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                           Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ