Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.09.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2988-Ա 18.09.2020թ.

 

ՄԱՄԻԿՈՆՅԱՆՑ ՓՈՂՈՑԻ Հ.40/2 ՇԵՆՔԻ Հ. 21 ԱՎՏՈՏՆԱԿԻ ՀԱՄԱՐ
ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈԻԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ
ԳՈՐԾՈՂՈԻԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈԻ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արթուր Եղիազարյանի դիմումը` Մամիկոնյանց փողոցի հ.40/2 շենքի հ.21 ավտոտնակի (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 04.10.2011թ. հ.2725338 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին։
Մամիկոնյանց փողոցի հ.40/2 շենքի հ.21 ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 1 253 581 ՀՀ դրամ։
Ղեկավարվելով <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 49-րդ հոդվածով <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2019թ. դեկտեմբերի 25-ի հ.178–Ն որոշման հավելվածով.
1.Լիազորել Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանին` օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Արթուր Եղիազարյանի հետ կնքել համաձայնագիր` Մամիկոնյանց փողոցի հ.40/2 շենքի հ.21 ավտոտնակի զբաղեցրած 44,9քմ մակերեսով հողամասի համար 01.04.2005թ. կնքված վարձակալության հ.810/6 ՊՓ պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություն ու լրացումներ կատարելու մասին՝ ներառելով պայմանագրում հետևյալ փոփոխությունն ու լրացումները.
1) պայմանագրի 16-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2025 թվականի հոկտեմբերի 1-ը:>>.
2) պայմանագրի 5.5 ենթակետից հանել << և ամրակայված անշարժ գույքը վարձատուին օտարելու>> բառերը.
3) պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր՝ 6.8, 6.9 և 6.10 ենթակետերով, հետևյալ բովանդակությամբ.
<<6.8 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ կամ քաղաքաշինական խնդիրների կանոնակարգմամբ, ինչպես նաև Երևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված` վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված /դադարած/ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում`<<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` վարձատուի դիմումի հիման վրա:>>.
<<6.9 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում են, որ պայմանագրի 6.8-րդ ենթակետի համաձայն պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին Վարձատուի գրավոր ծանուցումն իրականացվում է հետևյալ երեք եղանակներով միաժամանակ.
ա) Վարձատուի գրավոր ծանուցումը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am ինտերնետային կայքերում,
բ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է Վարձակալի էլեկտրոնային հասցեին /փոստին/`առկայության դեպքում,
գ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ` պատվիրված նամակով:>>.
<<6.10 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում և երաշխավորում են, որ պայմանագրի 6.9-րդ ենթակետում նշված ծանուցման եղանակները համարվում են պատշաճ և վավեր: Ընդ որում ծանուցումը նշված կայքերում հրապարակվելու օրվանից Վարձակալը համարվում է պատշաճ ծանուցված պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին: Վարձակալն անվերապահորեն համաձայնվում է, որ պայմանագրի գործողության ողջ ընթացքում www.yerevan.am և www.azdarar.am կայքերին հետևելն իր անընդհատ և որևէ հանգամանքով չընդհատվող պայմանագրային պարտավորությունն է:>>:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման առաջին կետում նշված համաձայնագիրը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումում։
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                  Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ