Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

07.09.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ

  3028-Ա  07.09.2018թ.

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ, ՆՈՐ ՆՈՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ Դ.ՄԱԼՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.13/1 ՀԱՍՑԵԻՆ ԿԻՑ ԳՏՆՎՈՂ ՄԵՏԱՂԱԿԱՆ ԾԱԾԿՈՑԻ ՔԱՆԴՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՊՕՐԻՆԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ



1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
15.05.2018թ. քաղաքացի Արփինե Սամվելյանի կողմից <<Facebook>> սոցիալական ցանցի միջոցով տրված տեղեկատվության հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակներում կատարված տեղատեսության և փաստաթղթային ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է, որ Երևանի Նոր Նորք  վարչական շրջանի, Դ.Մալյան փողոցի հ.13/1 (որը սեփականության իրավունքով պատկանում է Մարգար Մարգարյանին) և Դ.Մալյան փողոցի հ.9/4  (որը սեփականության իրավունքով պատկանում է Մարինե Սամվելյանին և փաստացի տնօրինվում Արփինե Սամվելյանի կողմից) հասցեների միջանկյալ հատվածում քաղաքացի Մարգար Մարգարյանի կողմից առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման զբաղեցվել և ապօրինի օգտագործվում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամաս, որը ծանրաբեռնված է մետաղական ծածկոցով։
Հաշվի առնելով նշված փաստական հանգամանքը՝ և <<Վարչարարության հիմունքնրի և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի պահանջները,  Երևանի քաղաքապետարանում հարուցվել է վարչական վարույթ՝ Դ.Մալյան փողոցի հ.13/1 հասցեին կից քաղաքացի Մարգար Մարգարյանի կողմից՝ առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ապօրինի տիրապետումից ազատելու և այդ հողամասը համայնքին վերադարձնելու համար։
Վարչական գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.   
2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Քաղաքացի Մարգար Մարգարյանը՝ 17.05.2018թ. հ.19/Ծ-86 ծանուցագրով (Մ.Մարգարյանն այն ստացել է առձեռն 29.05.2018թ.), <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջի ապահովմամբ, հրավիրվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչություն, վերոհիշյալ հասցեում՝ առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ապօրինի տիրապետումից ազատելու և այդ հողամասը համայնքին հետ վերադարձնելու փաստի կապակցությամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2018 թվականի մայիսի 22-ին կազմակերպված վարչական լսումներին (որին քաղաքացիներ Մ.Մարգարյանը և Արփինե Սամվելյանը ներկայացել են)։ Վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված նյութերով հաստատվել է, որ քաղաքացի Մարգար Մարգարյանին սեփականության իրավունքով պատկանող Դ.Մալյան փողոցի հ.13/1 հասցեին կից՝ վերջինիս կողմից, առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման զբաղեցվել և ապօրինի օգտագործվում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամաս, որը ծանրաբեռնված է մետաղական ծածկոցով։
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում 22.05.2018 թվականին հրավիրված վարչական վարույթի լսումների ընթացքում հիմնավորվել է վերոնշյալ մետաղական ծածկոցի ինքնակամ լինելու և առանց համապատասխան հողօգտագործման իրավունքի պետական գրանցման, համայնքային սեփականություն հանդիսացող  հողամասն ապօրինի ծանրաբեռնելու փաստերը, և ղեկավարվելով <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի դրույթներով, քաղաքացի Մարգար Մարգարյանին առաջարկվել է սեփական նախաձեռնությամբ՝ 5-օրյա ժամկետում, ձեռնարկել քայլեր վերոնշյալ մետաղական ծածկոցը ապամոնտաժելու և դրանով ծանրաբեռնված հողամասն ազատելու ուղղությամբ, որի մասին վերջինիս առաքվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի 01.06.2018թ. հ.19/12694 գրությունը (որը քաղաքացի Մարգար Մարգարյանը ստացել է՝ 02.06.2018թ.)։ Լրացուցիչ կատարված տեղատեսության արդյունքում պարզվել է,  որ քաղաքացի Մարգար Մարգարյանը վերը նկարագրված ապօրինությունները վերացնելու ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկել:
3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի   1-ին կետի՝ ինքնակամ կառույց է համարվում, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի սեփականությունը, անկախ նրանից, թե ով է այն կառուցել։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը։ Չօրինականացված ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա են քանդման, իսկ հողամասը՝ նախկին վիճակի վերականգնման՝ հողամասի սեփականատիրոջ հաշվին։
Համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 44-րդ հոդվածի, քաղաքացիների ու իրավաբանական անձանց հողամասերի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքները իրենց հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք է՝ օրենքով նախատեսված սահմանափակումների ու այլ պայմանների պահպանմամբ և հողամասերի նկատմամբ քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության իրավունքը ծագում է պետական ու համայնքային հողերի մասնավորեցման, ժառանգման, առքուվաճառքի, նվիրատվության և հողի հետ կապված այլ գործարքների ու իրավաբանական փաստերի հիման վրա։
Համաձայն Հայաստանի Հանրապետության <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի՝ համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 6)-րդ կետի ու 59-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին կետի՝ Երևանի քաղաքապետը, որպես պարտադիր լիազորություն, կազմակերպում է ինքնակամ կառույցների կասեցման և ինքնակամ կառույցների վերացման, ինչպես նաև ապօրինի հողօգտագործման կասեցման և վերացման ուղղությամբ վարչական շրջանի ղեկավարների կողմից կատարվող աշխատանքները։
Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի՝ եթե վարչական վարույթ հարուցելուց հետո վարչական մարմնի տրամադրության տակ առկա են համապատասխան վարչական ակտ ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վարչական մարմինը պարտավոր է վարչական ակտ ընդունել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո` ողջամիտ ժամկետում` չսպասելով ընդհանուր կամ հատուկ ժամկետի լրանալուն:
Հաշվի առնելով վերը նշված փաստական ու իրավական հիմնավորումները և հարուցված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի, 44-րդ հոդվածի 2-րդ մասի և 60-րդ հոդվածի 6-րդ մասի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ու 59-րդ հոդվածի 1-ին  մասի 1-ին կետի, 65-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 95-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ, 36-րդ, 58-րդ, 78-րդ, 84-րդ հոդվածների դրույթները՝

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1.Չօրինականացնել Երևան քաղաքի, Նոր Նորք վարչական շրջանի, Դ.Մալյան փողոցի հ.13/1 հասցեին կից՝ առանց հողօգտագործման իրավունքի պետական գրանցման օգտագործվող համայքային սեփականություն հանդիսացող հողամասում առկա մետաղական ծածկոցը։
2.Առաջարկել քաղաքացի Մարգար Մարգարյանին, 7-օրյա ժամկետում քանդել Դ.Մալյան փողոցի հ.13/1 հասցեին կից առկա ինքնակամ կառուցված մետաղական ծածկոցը և անօրինական տիրապետումից ազատել՝ Երևան համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասը:
3.Նախազգուշացնել քաղաքացի Մարգար Մարգարյանին, որ սույն որոշման 2-րդ կետում նշված ժամկետում նախատեսված պահանջները չկատարելու դեպքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կկիրառվեն վարչական հարկադրանքի միջոցներ։
4.Հանձնարարել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին, սույն որոշման 2-րդ կետով սահմանված ժամկետում քաղաքացի Մարգար Մարգարյանի կողմից՝ նույն կետով սահմանված պահանջները չկատարելու դեպքում, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ու հասարակական կարգի պահպանության ծառայության օժանդակությամբ քանդել Նոր Նորք վարչական շրջանի Դ.Մալյան փողոցի հ.13/1 հասցեին կից, Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասում առկա մետաղական ծածկոցն ու անօրինական տիրապետումից ազատել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը։  
5.Առաջարկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին՝ սույն որոշման 4-րդ կետի համաձայն, Երևանի քաղաքապետարանի կողմից վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու ընթացքում, համապատասխան վայրում ապահովել հասարակական կարգի պահպանումը։
6.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետին՝ Երևանի քաղաքապետարանի կողմից, սույն որոշման 4-րդ կետով նախատեսված վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու արդյունքում, սույն որոշմամբ նախատեսված ապամոնտաժման ու դրան զուգորդող այլ աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը՝ դատական կարգով բռնագանձել սույն որոշման 2-րդ կետում նշված սուբյեկտից։
7.Սույն որոշման պահանջների կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության, իրավաբանական վարչությունների, հասարակական կարգի պահպանության ծառայության պետերի և Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի վրա։
8.Սույն որոշման կատարման հսկողությունը հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին։
9.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը և կարող է երկամսյա ժամկետում վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանին։
     
                          

         

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,                                                               
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                        Կ.ԱՐԵՅԱՆ