Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

07.09.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ

 3031-Ա  07.09.2018թ.

ԴԻՄՈՒՄՆԵՐԸ   ՄԵՐԺԵԼՈՒ   ՄԱՍԻՆ
  

 
1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետին ուղղված Արտյոմ Հայրապետյանի 2018 թվականի օգոստոսի 10–ի թիվ Հ-5366 դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն` հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ:
2018 թվականի օգոստոսի 28-ին, ժամը 16.00-ին հրավիրված վարչական վարույթի լսումներին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և ներկայացել է Արտյոմ Հայրապետյանը:
Ուսումնասիրելով Արտյոմ Հայրապետյանի 2018 թվականի օգոստոսի 2–ի թիվ  Հ-5131 և 2018 թվականի օգոստոսի 10-ի թիվ Հ-5366 դիմումները, գնահատելով դիմումներին կից և վարույթի շրջանակներում ստացված ապացույցները և լուսանկարները, ինչպես նաև գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն Արտյոմ Հայրապետյանի 2018 թվականի օգոստոսի 2–ի թիվ Հ-5131 դիմումի՝ 2018 թվականի հուլիսի 6-ին, Երևան քաղաքի Քաջազնունու փողոցի հ.20/1 հասցեի դիմաց կայանված, իր սեփականությունը հանդիսացող «Մերսեդես-բենս C180» մակնիշի 26SO744 հաշվառման համարանիշով ավտոմեքենայի վրա ծառ է ընկել, որի հետևանքով վնասվել են ավտոմեքենայի տանիքը, դիմապակին, շարժիչի ծածկոցը և այլ հատվածներ՝ պատճառելով 235.000 ՀՀ դրամի չափով նյութական վնաս:
Համաձայն՝ 2011 թվականի ապրիլի 12-ին տրված տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման հ.01AA010087 վկայականի և 2011 թվականի ապրիլի 12-ին տրված հ.SB100669 տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի՝ 26SO744 հաշվառման համարանիշով «Մերսեդես-բենս C180» մակնիշի ավտոմեքենան հանդիսանում է Արտյոմ Հայրապետյանի սեփականությունը:
Համաձայն Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղարի 2018 թվականի հուլիսի 19-ի հ.7/17.9/8779-8 գրության՝ 2018 թվականի հուլիսի 6-ին, ժամը 20:18-ին, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությունում ահազանգ է գրանցվել Քաջազնունու փողոցում, «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում, ավտոմեքենայի վրա ծառի ճյուղ ընկնելու վերաբերյալ: Փրկարարները ծառի ճյուղը հեռացրել են «Մերսեդես-բենս C180» մակնիշի 26SO744 հաշվառման համարանիշով ավտոմեքենայի վրայից:
«Եվրոպական փորձագիտական ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2018 թվականի հուլիսի 18-ին կազմված՝ տրանսպորտային միջոցին պատճառված վնասի գնահատման հ.18-0002 եզրակացության համաձայն՝ «Մերսեդես-բենս C180» մակնիշի 26SO744 հաշվառման համարանիշով ավտոմեքենային պատճառված վնասի չափը գնահատվել է 235.000 ՀՀ դրամ, սակայն չեն նշվել ավտոմեքենայի վնասվածքների առաջացման պատճառները:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության 2018 թվականի օգոստոսի 7-ի հ.17/Հ5131 գրության համաձայն՝ Քաջազնունու փողոցի հ.20/1 հասցեի դիմաց տեղակայված սեփական մեքենայի վրա ընկել է ծառից կոտրված ճյուղ: Ըստ «Կենտրոն կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն՝ պարոն Ս.Աղաբաբյանի հաղորդակցության՝ նշված ծառատեսակը եղել է կենսունակ և նշված ծառի ճյուղը նախապես կոտրվելու վտանգ չի ներկայացրել, որպեսզի ենթարկվեր հատման:
2018 թվականի օգոստոսի 2–ի թիվ Հ-5131 դիմումին կից՝ Արտյոմ Հայրապետյանի կողմից ներկայացվել են ծառի ճյուղը ավտոմեքենայի վրա ընկած վիճակը պատկերող լուսանկարներ, տեսաձայնագրություն, որոնցում պատկերված ծառն ունի կանաչ սաղարթ:
Վարույթի լսումների ընթացքում Արտյոմ Հայրապետյանը հայտնել է, որ, ըստ իր կարծիքի, ծառի տապալման պատճառ է հանդիսացել ծառի փտած լինելն ու խնամված չլինելը, սակայն նշված հանգամանքները հիմնավորող փաստաթղթեր չեն ներկայացվել:
3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումները.
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի  43-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝  անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն` քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:
Համաձայն քաղաքացիական օրենսգրքի 1058–րդ հոդվածի 2–րդ կետի՝ վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96–րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ սույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով, քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի  43-րդ և 96–րդ հոդվածներով՝
ՈՐՈՇԵՑԻ
1.Արտյոմ Հայրապետյանի՝ վնասի փոխհատուցում տրամադրելու մասին 2018 թվականի օգոստոսի 2–ի թիվ Հ-5131 և 2018 թվականի օգոստոսի 10-ի թիվ Հ-5366 դիմումները մերժել:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։



                                               
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,                                                                    
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                           Կ.ԱՐԵՅԱՆ