Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

24.09.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  3104-Ա  24.09.2018թ.

 ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ, ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ Ա.ԽԱՉԱՏՐՅԱՆ ՓՈՂՈՑԻ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.5 ՀԱՍՑԵՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՔԱՆԴԵԼՈՒ ՄԱՍԻՆ


1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
13.08.2018թ. Ա.Խաչատրյան փողոցի 1-ին նրբանցքի հ.7/1 տան բնակիչ` քաղաքացի Մուրադ Հարոյանի կողմից Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարին հասցեագրված 13.08.2018թ. հ.Հ-5419 դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի, Ա.Խաչատրյան փողոցի 1-ին նրբանցքի հ.5 հասցեում բնակելի տան կառուցման համար Երևանի քաղաքապետարանի կողմից կառուցապատողներ` Քամրան Ազամի Մասուդին, Սալբի Յաքուբի Սարդարինին, Էդվին Ռոստամի Խաչիկին և Աիդա Շիրվանի Փազինիին 04.12.2013թ. տրված հ.01/18-Շ-1064 շինարարության թույլտվությունը ՀՀ վարչական դատարանի կողմից 07.12.2016թ. ընդունված և օրինական ուժի մեջ մտած վճռով (դատական գործ ՎԴ/6361/05/15), անվավեր է ճանաչվել:
Հաշվի առնելով նշված փաստական հանգամանքը՝ և <<Վարչարարության հիմունքնրի և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի պահանջները,  Երևանի քաղաքապետարանում հարուցվել է վարչական վարույթ՝ Ա.Խաչատրյան փողոցի 1-ին նրբանցքի հ.5 հասցեում կառուցապատողներ` Քամրան Ազամի Մասուդին, Սալբի Յաքուբի Սարդարինին, Էդվին Ռոստամի Խաչիկին և Աիդա Շիրվանի Փազինիի կողմից մինչև վերոնշյալ շինարարության թույլտվության անվավեր ճանաչելը կառուցված կիսակառույց շինության (մասնավորապես կառուցվել է շինության առաջին և երկրորդ հարկերի հիմնակմախքը և իրականացվել է երրորդ հարկի սյուների ամրանավորման աշխատանքներ) քանդման և քաղաքացի Մուրադ Հարոյանի իրավունքների վերականգնման համար։
Վարչական գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.   
2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
ՀՀ վարչական դատարանի կողմից 07.12.2016թ. ընդունված և օրինական ուժի մեջ մտած վճռով (դատական գործ ՎԴ/6361/05/15), անվավեր է ճանաչվել Արամ Խաչատրյան փողոցի 1-ին նրբանցքի հ.5 հասցեում բնակելի տան կառուցման համար Երևանի քաղաքապետարանի կողմից 04.12.2013թ. տրված հ.01/18-Շ-1064 շինարարության թույլտվությունը (որը Երևանի քաղաքապետարանի կողմից հետագայում բողոքարկվել է ավելի բարձր դատական ատյաններում, սակայն ներկայացված բողոքները մերժվել են), իսկ մինչև ՀՀ Վարչական դատարանի կողմից վճռի ընդունումը կառուցված անավարտ շինությունը, որպես ինքնակամ կառույցի հետագա տնօրինման վերաբերյալ Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդականի կողմից 30.08.2018թ. հ.04/Հ-5419 գրությամբ տրված մասնագիտական կարծիքի համաձայն` ՀՀ կառավարության ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին 18.05.2016թ. հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջների շրջանակում, նշված անավարտ ինքնակամ կառույցը ենթակա չէ օրինականացման։
Սույն վարչական վարույթի շրջանակներում և ղեկավարվելով նաև <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի դրույթներով, կառուցապատողներ` Քամրան Ազամի Մասուդին, Սալբի Յաքուբի Սարդարինին, Էդվին Ռոստամի Խաչիկին և Աիդա Շիրվանի Փազինիին առաջարկվել է սեփական նախաձեռնությամբ՝ 5-օրյա ժամկետում, ձեռնարկել քայլեր վերոնշյալ կիսակառույց ինքնակամ կառույցը քանդելու ուղղությամբ, որի մասին վերջիններիս պատշաճ առաքվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի 05.09.2018թ. հ.19/Հ-5419 գրությունը (որը համաձայն փոստային ծառայության կողմից տրված հետադարձ ծանուցագրի՝ AG011372997AM,  կառուցապատողները ստացել են՝ 08.09.2018թ., Կոմիտասի պողոտայի հ.22 շենքի հ.20 բնակարան հասցեում)։
Լրացուցիչ կատարված տեղատեսության արդյունքում պարզվել է,  որ կառուցապատողները վերը նկարագրված ինքնակամ կառույցը քանդելու ուղղությամբ որևէ քայլ չեն ձեռնարկել:
3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենգրքի 188-րդ հոդվածի 1-ին կետի՝ ինքնակամ կառույց է համարվում, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով, այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հողամասի սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը։ Չօրինականացված ինքնակամ կառույցը պետության, համայնքի կամ այլ շահագրգիռ անձի հայցով, որի իրավունքները և օրենքով պահպանվող շահերը խախտվել են, ենթակա են քանդման, իսկ հողամասը՝ նախկին վիճակի վերականգնման՝ հողամասի սեփականատիրոջ հաշվին։
Համաձայն Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասի ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական, եթե կառույցը պահպանելը խախտում է այլ անձանց իրավունքները:
Համաձայն Հայաստանի Հանրապետության <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի՝ համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:
Համաձայն <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 6)-րդ կետի ու 59-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին կետի՝ Երևանի քաղաքապետը, որպես պարտադիր լիազորություն, կազմակերպում է ինքնակամ կառույցների կասեցման և ինքնակամ կառույցների վերացման, ինչպես նաև ապօրինի հողօգտագործման կասեցման և վերացման ուղղությամբ վարչական շրջանի ղեկավարների կողմից կատարվող աշխատանքները։
Համաձայն <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի՝ եթե վարչական վարույթ հարուցելուց հետո վարչական մարմնի տրամադրության տակ առկա են համապատասխան վարչական ակտ ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վարչական մարմինը պարտավոր է վարչական ակտ ընդունել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո` ողջամիտ ժամկետում` չսպասելով ընդհանուր կամ հատուկ ժամկետի լրանալուն:
Հաշվի առնելով վերը նշված փաստական ու իրավական հիմնավորումները և հարուցված վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցները, հիմք ընդունելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետի, <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի, <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ու 59-րդ հոդվածի 1-ին  մասի 1-ին կետի, 65-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 94-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 95-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, ինչպես նաև <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ, 36-րդ, 58-րդ, 78-րդ, 84-րդ հոդվածների դրույթները՝
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
1.Չօրինականացնել Երևան քաղաքի, Արաբկիր վարչական շրջանի, Ա.Խաչատրյան փողոցի 1-ին նրբանցքի հ.5 հասցեում առկա անավարտ ինքնակամ կառույցը։
2.Առաջարկել քաղաքացիներ Քամրան Ազամի Մասուդին, Սալբի Յաքուբի Սարդարինին, Էդվին Ռոստամի Խաչիկին և Աիդա Շիրվանի Փազինիին 7-օրյա ժամկետում քանդել Ա.Խաչատրյան փողոցի 1-ին նրբանցքի հ.5 հասցեում կառուցված անավարտ ինքնակամ կառույցը։
3.Նախազգուշացնել քաղաքացիներ Քամրան Ազամի Մասուդին, Սալբի Յաքուբի Սարդարինին, Էդվին Ռոստամի Խաչիկին և Աիդա Շիրվանի Փազինիին, որ սույն որոշման 2-րդ կետում նշված ժամկետում նախատեսված պահանջները չկատարելու դեպքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կկիրառվեն վարչական հարկադրանքի միջոցներ։
4.Հանձնարարել Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի, սույն որոշման 2-րդ կետով սահմանված ժամկետում քաղաքացիներ Քամրան Ազամի Մասուդին, Սալբի Յաքուբի Սարդարինին, Էդվին Ռոստամի Խաչիկին և Աիդա Շիրվանի Փազինիին կողմից՝ նույն կետով սահմանված պահանջները չկատարելու դեպքում, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ու հասարակական կարգի պահպանության ծառայության օժանդակությամբ քանդել Արաբկիր վարչական շրջանի Ա.Խաչատրյան փողոցի 1-ին նրբանցքի հ.5 հասցեում կառուցված անավարտ ինքնակամ կառույցը։  
5.Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին՝ սույն որոշման 4-րդ կետի համաձայն, Երևանի քաղաքապետարանի կողմից վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու ընթացքում, համապատասխան վայրում ապահովել հասարակական կարգի պահպանումը։
6.Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետին՝ Երևանի քաղաքապետարանի կողմից, սույն որոշման 4-րդ կետով նախատեսված վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու արդյունքում, սույն որոշմամբ նախատեսված ապամոնտաժման ու դրան զուգորդող այլ աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը՝ դատական կարգով բռնագանձել սույն որոշման 2-րդ կետում նշված սուբյեկտից։
7.Սույն որոշման պահանջների կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության, իրավաբանական վարչությունների, հասարակական կարգի պահպանության ծառայության պետերի և Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա։
8.Սույն որոշման կատարման հսկողությունը հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին։
9.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը և կարող է երկամսյա ժամկետում վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանին։
 
   
                                  ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
                                  ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                    Կ.ԱՐԵՅԱՆ