Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

24.09.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  3105-Ա  24.09.2018թ.

 ՎԱՐԴԱՆԱՆՑ ՓՈՂՈՑԻ Հ.7 ՇԵՆՔԻ ԴԻՄԱՅԻՆ ՃԱԿԱՏԻ ԵՎ ՄԱՅԹԱՅԻՆ ՀԱՏՎԱԾՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԾԱԾԿԵՐՆ ԱՊԱՄՈՆՏԱԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ


1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի, Վարդանանց փողոցի հ.7 շենքի առաջին հարկում գործող սննդի օբյեկտին հարակից տարածքում՝ <<Մարիամ Փիլոսյան>> ԱՁ-ին թույլատրվել է 2018 թվականի ընթացքում իրականացնել հանրային սննդի ժամանակավոր-սեզոնային գործունեություն՝ Երևան քաղաքի ավագանու 26.12.2017 թվականի N87-Ն որոշման 1-ին կետով հաստատված ծրագրի 40-րդ կետով սահմանված պահանջներով, որի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի և <<Մարիամ Փիլոսյան>> ԱՁ-ի միջև 06.03.2018 թվականին կնքվել է հ.018 պայմանագիրը: Սակայն, հաշվի առնելով Վարդանանց փողոցի հ.7 շենքի հ.16 հասցեի բնակիչ Աիդա Հարությունյանի՝ որպես հիշյալ բազմաբնակարան շենքի համասեփականատիրոջ, գրությամբ և բանավոր ներկայացված անհամաձայնությունները՝ սեզոնային գործունեություն իրականացնելու համար, <<Մարիամ Փիլոսյան>> ԱՁ-ի կողմից, Վարդանանց փողոցի հ.7 շենքի դիմային ճակատի և մայթային հատվածներում տեղադրված ծածկերի շահագործման առումով, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության (այսուհետ՝ Վարչություն) կողմից՝ հիշյալ դիմումի հիման վրա, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<ա>> կետի հիմքով, հարուցվել է համապատասխան վարչական վարույթ:
Սույն վարչական վարույթի շրջանակներում կատարված փաստաթղթային ուսումնասիրության և տեսաղտեսության արդյունքում պարզվել է, որ Վարդանանց փողոցի հ.7 շենքի դիմային ճակատի և մայթային հատվածներում տեղադրված ծածկերի համար առկա չէ՝  ՀՀ գործող իրավական ակտերով սահմանված ընթացակարգով, Երևանի քաղաքապետարանի հետ համաձայնեցված համապատասխան էսքիզային նախագիծ և դրանց շահագործումը չի բխում <<Մարիամ Փիլոսյան>> ԱՁ-ի միջև 06.03.2018 թվականին կնքվել է հ.018 պայմանագրի պահանջներից: Ուստի Վարչության պետի 03.09.20118թ. հ.19/Ծ-135 գրավոր ծանուցմամբ առաջարկվել է Ա/Ձ Մարիամ Փիլոսյանին՝ 7-օրյա ժամկետում ապամոնտաժել վերը նշված ծածկերը և այդ հատվածում հանրային սննդի ժամանակավոր-սեզոնային գործունեությունն իրականացնել՝ <<Մարիամ Փիլոսյան>> ԱՁ-ի միջև 06.03.2018 թվականին կնքվել է հ.018 պայմանագրի պահանջներին համապատասխան, սակայն այդ ուղղությամբ՝ հիշյալ գրավոր ծանուցման մասին պատշաճ իրազեկվելուց հետո, (ըստ փոտային ծառայության հետադարձ N AG007618230AM ծանուցագրի՝ Ա/Ձ Մարիամ Փիլոսյանը ծանուցումն ստացել է՝ 07.09.2018 թվականին), վերջինիս՝ առաջարկվող ժամկետում, որևէ քայլ չի ձեռնարկվել:      
2.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 30-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետի համաձայն՝ վարչական վարույթ հարուցելու հիմքերն են անձի դիմումը, բողոքը:
Օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե վարչական վարույթ հարուցելուց հետո վարչական մարմնի տրամադրության տակ առկա են համապատասխան վարչական ակտ ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վարչական մարմինը պարտավոր է վարչական ակտ ընդունել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո` ողջամիտ ժամկետում` չսպասելով ընդհանուր կամ հատուկ ժամկետի լրանալուն:
Վերոգրյալ իրավական և փաստական հանգամանքներից ելնելով, ինչպես նաև ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի, <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով, 59-րդ հոդվածի 1)-ին և 95-րդ հոդվածի 3)-րդ կետերով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ, 36-րդ, 58-րդ, 78-րդ, 84-րդ հոդվածների դրույթները՝
Ո Ր Ո Շ Ե Ց Ի
1. Առաջարկել Ա/Ձ Մարիամ Փիլոսյանին՝ 5-օրյա ժամկետում, ապամոնտաժել Վարդանանց փողոցի հ.7 շենքի դիմային ճակատի և մայթային հատվածներում՝ հանրային սննդի ժամանակավոր-սեզոնային գործունեություն իրականացնելու նպատակով, տեղադրված ծածկերը և այդ հատվածում հետագա գործունեությունն իրականացնել՝ բացառապես 06.03.2018 թվականին կնքված հ.018 պայմանագրի պահանջների շրջանակում:
2. Նախազգուշացնել Ա/Ձ Մարիամ Փիլոսյանին, որ սույն որոշման 1-ին կետում նշված ժամկետում նախատեսված պահանջները չկատարելու դեպքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կկիրառվեն վարչական հարկադրանքի միջոցներ։
3. Հանձնարարել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին, սույն որոշման 1-ին կետով սահմանված ժամկետում Ա/Ձ Մարիամ Փիլոսյանի կողմից նույն կետով սահմանված պահանջները չկատարելու դեպքում՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ու հասարակական կարգի պահպանության ծառայության օժանդակությամբ, ապամոնտաժել սույն որոշման 1-ին կետում նշված ծածկերը:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետին՝ սույն որոշման 2-րդ կետի համաձայն, Երևանի քաղաքապետարանի կողմից վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու ընթացքում համապատասխան վայրում ապահովել հասարակական կարգի պահպանումը:
5. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետին՝ Երևանի քաղաքապետարանի կողմից, սույն որոշման 2-րդ կետով նախատեսված վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու արդյունքում, սույն որոշմամբ նախատեսված ապամոնտաժման ու դրան զուգորդող այլ աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը՝ դատական կարգով բռնագանձել սույն որոշման 2-րդ կետում նշված սուբյեկտից։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը և կարող է  երկամսյա ժամկետում վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանին։
7.Սույն որոշման պահանջների կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության, ճարտարապետության և քաղաքաշինության, իրավաբանական, առևտրի և սպասարկումների վարչությունների, հասարակական կարգի պահպանության ծառայության պետերի և Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա:
8. Սույն որոշման կատարման հսկողությունը հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարին:
    

                                  ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
                                  ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                   Կ.ԱՐԵՅԱՆ