Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


330-Ա 18.02.2021թ.

 

ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Գեղամ Բրտոտյանի դիմումը՝ Հաղթանակ թաղամասի արդյունաբերական հանգույցին կից տարածքում գտնվող, վարձակալության իրավունքով իրեն տրամադրված 11.48հա մակերեսով հողամասի համար կնքված պայմանագրում փոփոխություններ և լրացում կատարելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել Երևանի քաղաքապետի 2004թ. սեպտեմբերի 28-ի հ.1884-Ա և 2005թ. ապրիլի 25-ի հ.855-Ա որոշումները, 27.04.2005թ. թողարկված հ.2217-2005 գլխավոր հատակագիծը, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասը վարձակալության հանձնելու մասին 28.04.2005թ. հ.1178 պայմանագիրը, անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 02.05.2005թ. հ. 1736667 վկայականը։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 21-ի հ.1530-Ն և 2015 թվականի հունիսի 25-ի հ.703-Ա որոշումներով, Երևանի քաղաքապետի 2020թ. դեկտեմբերի 15-ի հ.3817-Ա որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2020թ. դեկտեմբերի 23-ի հ. 315-Ն որոշման դրույթներով.
1.Լիազորել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Գեղամ Բրտոտյանի հետ կնքել համաձայնագիր՝ Հաղթանակ թաղամասի արդյունաբերական հանգույցին կից տարածքում գտնվող 11.48հա մակերեսով հողամասի համար 28.04.2005թ. կնքված` գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասը վարձակալության հանձնելու մասին հ.1178 պայմանագրում փոփոխություններ ու լրացում կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումը.
1) պայմանագրի 4.2. ենթակետից հանել <<(այդ թվում`Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու կապիտալ շինարարություն)>> բառերը.
2) պայմանագրի 4.4. ենթակետից հանել <<իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին>> բառերը.
3) պայմանագրի 5.5 ենթակետից հանել <<և ամրակայված անշարժ գույքը վարձատուին օտարելու>> բառերը.
4)պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր՝ 6.7, 6.8, 6.9 և 6.10 ենթակետերով, հետևյալ բովանդակությամբ.
<<6.7 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:>>.
<<6.8 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ կամ քաղաքաշինական խնդիրների կանոնակարգմամբ, ինչպես նաև համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված՝ վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված կամ դադարած՝ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ վարձատուի դիմումի հիման վրա:>>.
<<6.9 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում են, որ պայմանագրի 6.8-րդ ենթակետի համաձայն պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին Վարձատուի գրավոր ծանուցումն իրականացվում է հետևյալ երեք եղանակներով միաժամանակ.
ա) Վարձատուի գրավոր ծանուցումը հրապարակվում է Երևանի քաղաքապետարանի www.yerevan.am, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների www.azdarar.am ինտերնետային կայքերում,
բ) Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է Վարձակալի էլեկտրոնային հասցեին (փոստին)` առկայության դեպքում,
գ)Վարձատուի գրավոր ծանուցումն ուղարկվում է փոստային առաքմամբ` պատվիրված նամակով:>>.
<<6.10 Սույնով կողմերն անվերապահորեն համաձայնվում և երաշխավորում են, որ պայմանագրի 6.9-րդ կետում նշված ծանուցման եղանակները համարվում են պատշաճ և վավեր: Ընդ որում ծանուցումը նշված կայքերում հրապարակվելու օրվանից Վարձակալը համարվում է պատշաճ ծանուցված պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին: Վարձակալն անվերապահորեն համաձայնվում է, որ պայմանագրի գործողության ողջ ընթացքում www.yerevan.am և www.azdarar.am կայքերին հետևելն իր անընդհատ և որևէ հանգամանքով չընդհատվող պայմանագրային պարտավորությունն է:>>.
5) պայմանագրի 9-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
<<9. Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) Երևան քաղաքի ավագանու որոշումներով վարձավճարի չափի փոփոխման (աճի դեպքում) դեպքերում Վարձատուն պարտավոր է նոր արժեքի (վարձավճարի) մասին նախօրոք գրավոր տեղյակ պահել Վարձակալին: Շուկայական արժեքին մոտարկված հողի կադաստրային արժեքի և (կամ) վարձավճարի աճի դեպքում հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է կիրառման (պայմանագիրը համարվում է փոփոխված) ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացվելուց 15 օր անց: Վարձավճարը չի փոփոխվում, եթե Վարձակալը մինչև համապատասխան 15-օրյա ժամկետի ավարտը Վաարձատուին ծանուցել է պայմանագրի վաղաժամկետ դադարեցման (պայմանագրից հրաժարվելու) մասին:».
6) պայմանագրի 8-րդ կետով նախատեսված հողամասի տարեկան վարձավճարը հաշվարկել հողամասի կադաստրային միջին զուտ եկամտի 15%-ի չափով, որը կազմում է 156 702 (մեկ հարյուր հիսունվեց հազար յոթ հարյուր երկու) ՀՀ դրամ (11.48հա x 91000ՀՀ դրամ x 15%): Պայմանագրի կնքման պահին հողամասի կադաստրային միջին զուտ եկամտի արժեքը 1հա-ի համար կազմում է 91000 ՀՀ դրամ.
7) պայմանագրի 12-րդ կետում <<համապատասխան>> բառը փոխարինել «900055040233» թվով:
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:




ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                             Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ