Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.11.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  3406-Ա  14.11.2018թ.

  ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 7499-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով, նույն օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի N 390-Ն որոշմամբ հաստատված «Գնումների պլանի ձևը, դրա լրացման, հաստատման և հրապարակման կարգը հաստատելու մասին» որոշման III-գլխի 4-րդ կետով ու IV-գլխի 9-րդ կետով (այսուհետ՝ Որոշում) «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 14-րդ և «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածներով.
1.Հանձնարարել Երևան համայնքի ենթակայության կազմակերպությունների ղեկավարներին.
1)գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գնումների պլանները և դրանցում կատարված փոփոխությունները կազմակերպության ղեկավարի կողմից հաստատվելուց հետո սահմանված ժամկետներում Երևանի քաղաքապետարան հրապարակման նպատակով ներկայացնելուն զուգահեռ մեկական օրինակ տրամադրել տվյալ կազմակերպության համակարգող Երևանի քաղաքապերանի կառուցվածքային և/կամ առանձնացված ստորաբաժանմանը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների և վերահսկողության վարչություններին,
2)կազմակերպությունների կարիքների համար գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ապրանքների, ծառայությունների և աշխատանքների գնման գործընթացներ կազմակերպելիս նախապես տեղեկացնել տվյալ կազմակերպության համակարգող Երևանի քաղաքապետարանի կառուցվածքային և/կամ առանձնացված համապատասխան ստորաբաժանմանը և գնումների վարչությանը՝ անհրաժեշտության դեպքում նաև գնումների ընթացակարգերի գնահատող հանձնաժողովների կազմերում տվյալ ստորաբաժանումներից որպես հրավիրված անձինք ներկայացուցիչներ ներգրավվելու համար,
3) կազմակերպությունների կարիքների համար կազմակերպված բոլոր գնման ընթացակարգերի (այդ թվում՝ եթե գնման առարկայի գինը չի գերազանցում գնումների բազային միավորը) կազմակերպման արդյունքում՝ «Գնումների մասին» օրենքի 9-րդ հոդվածի պահանջներով կազմված արձանագրությունները 3 օրյա ժամկետում ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչություն:
2.Ընդունել ի գիտություն, որ բոլոր գնման գործընթացների կազմակերպման հիմնական նախընտրելի ձևերը մրցակցային սկզբունքներով ընթացակարգերն են:
3.Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2012 թվականի նոյեմբերի 23-ի «Գնումների գործընթացի կազմակերպման» N 7499-Ա որոշումը:
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի գնումների և վերահսկողության վարչությունների պետերի, ինչպես նաև կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների վրա, որոնց ենթակայությամբ գործում են կազմակերպություններ:
5.Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հ.Սարգսյանը:


                 ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                   Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ