Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.11.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


3603-Ա 19.11.2020թ.


ԴԻՄՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետին ուղղված 2020 թվականի հուլիսի 22-ի թիվ Հ-6616 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համաձայն` հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ:
2020 թվականի օգոստոսի 6-ին, ժամը՝ 12.00-ին հրավիրված վարչական վարույթի լսումներին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և ներկայացել է Արծրուն Հայրապետյանը:
Ուսումնասիրելով Արծրուն Հայրապետյանի 2020 թվականի հուլիսի 22-ի թիվ Հ-6616 և նույն թվականի օգոստոսի 13-ի թիվ Հ-7605 դիմումները, գնահատելով դիմումներին կից ներկայացված ապացույցները, ինչպես նաև գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, վարչական մարմինը պարզել է հետևյալը.
2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Արծրուն Հայրապետյանի 2020 թվականի հուլիսի 22-ի թիվ Հ-6616 դիմումում նշված փաստերի համաձայն՝ 2020 թվականի հուլիսի 21-ին, ժամը՝ 22.00-ի սահմաններում Երևանի Կիլիկիա թաղամասի Ադանայի 1-ին փողոցում հաստաբուն ծառն ընկել է իր սեփականությունը հանդիսացող «Opel Astra» մակնիշի 36CU088 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով ավտոմեքենային պատճառվել է վնաս:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 2020 թվականի օգոստոսի 07-ի թիվ 02/4821-20 գրության համաձայն՝ 2020 թվականի հուլիսի 21-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ահազանգման կենտրոնում ահազանգ է գրանցվել, որ Երևան քաղաքի Կիլիկիա թաղամասի 1-ին փողոցի հ.1 տան մոտակայքում գտնվող ծառն ընկել է «Opel Astra» մակնիշի 36CU088 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա:
Տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի համաձայն՝ «Opel Astra 1.6» մակնիշի 36CU088 հաշվառման համարանիշի ավտոմեքենան սեփականության իրավունքով պատկանում է Արծրուն Վլադիկի Հայրապետյանին:
Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության 28.07.2020 թվականի թիվ 72/Հ6616 և 10.08.2020 թվականի թիվ 72/Հ6616հ գրությունների համաձայն՝ Երևան քաղաքի, Կիլիկիա, Ադանայի հ.1 փողոցում կայանած «Opel Astra» մակնիշի 36CU088 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա ընկած ծառը կենսունակ թթենի է:
Երևանի քաղաքապետին ուղղված 13.08.2020 թվականի թիվ Հ-7605 դիմումին կից ներկայացված «ՀՀ փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության 2020 թվականի օգոստոսի 11-ի թիվ 19722010 ապրանքագիտական եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը տրամադրված «Opel Astra 1.6» մակնիշի 36CU088 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի ստացած վնասվածքների հետևանքով այդ ավտոմեքենային (գույքին) պատճառված վնասը վերականգնելու համար կատարվելիք ծախսերի չափն արժեքային արտահայտությամբ, փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ գործող շուկայական գներով, կազմում է շուրջ՝ 533.000 (հինգ հարյուր երեսուներեք հազար) ՀՀ դրամ:
Ծառայությունների մատուցման, աշխատանքների կատարման մասին 2020 թվականի օգոստոսի 11-ին տրված թիվ Ա9481581342 հարկային հաշվի համաձայն՝ գույքի վնասի չափի որոշման նպատակով թիվ 19722010 փորձագետի եզրակացության վերաբերյալ Արծրուն Հայրապետյանը վճարել է 27.000 (քսանյոթ հազար) ՀՀ դրամ:
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 23.10.2020 թվականի թիվ 6367-2020 գրությամբ տրված պարզաբանման համաձայն՝ օրենքի իմաստով ծառը (անկախ դրա տեսակից) հանդիսանում է, որպես անշարժ գույք, դիտվում է որպես հողամասի պատկանելիք, հետևաբար չի կարող առանձին գրանցվել և սեփականության իրավունքով պատկանում է հողամասի սեփականատիրոջը (քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մաս):
3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումները.
Քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝ գույք` անշարժ գույք` հողամասերը, անշարժ գույք հանդիսացող ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա, այդ թվում նաև` կառուցվող շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը:
Քաղաքացիական օրենսգրքի 1071.1 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Վնասի հատուցման պարտականությունն օրենքով կարող է դրվել վնաս չպատճառած անձի վրա:
Հաշվի առնելով ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 23.10.2020 թվականի թիվ 6367-2020 գրությամբ տրված պարզաբանումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ «Opel Astra» մակնիշի 36CU088 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վնասվածքներն առաջացել են 2020 թվականի հուլիսի 21-ին կենսունակ թթենու ծառն ավտոմեքենայի վրա ընկնելու հետևանքով գտնում եմ, որ ավտոմեքենային պատճառված վնասը ենթակա է հատուցման:
Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով «ՀՀ փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության 2020 թվականի օգոստոսի 11-ի թիվ 19722010 ապրանքագիտական եզրակացությունը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղարի 2020 թվականի օգոստոսի 7-ի գրությունը, ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածով, 1058-րդ հոդվածի 1-ին մասով, 1071.1 հոդվածի 1-ին մասով.
ՈՐՈՇԵՑԻ
1. Վնասի փոխհատուցում տրամադրելու մասին` Արծրուն Հայրապետյանի 2020 թվականի հուլիսի 22-ի թիվ Հ-6616 դիմումը բավարարել:
2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին`«ՀՀ փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության 11.08.2020 թվականի թիվ 19722010 ապրանքագիտական եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը տրամադրված «Opel Astra 1.6» մակնիշի 36CU088 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի ստացած վնասվածքների հետևանքով, այդ ավտոմեքենայի (գույքի) վնասի չափը կազմող 533.000 (հինգ հարյուր երեսուներեք հազար) ՀՀ դրամ գումարը, որպես պատճառված վնաս և 27.000 (քսանյոթ հազար) ՀՀ դրամ գումարը, որպես «ՀՀ փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, վնասի չափը որոշելու նպատակով պատվիրված ծառայության դիմաց վճարված գումար, փոխհատուցել Արծրուն Հայրապետյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                 ՀՐ.ՍԱՐԳՍՅԱՆ