Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.10.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3655-Ա 09.10.2019թ.

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Երևանի քաղաքապետին ուղղված 2019 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ Խ-3163 դիմումով Ելենա Գրիգորյանի լիազորված ներկայացուցիչ՝ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Սուզաննա Խչեյանը խնդրել է տրամադրել համաձայնեցում /թույլտվություն/ Երևանի Էրեբունի փողոցի հ.14/2 հասցեի կառույցի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի միացման նպատակով:
Երևանի քաղաքապետի և Ելենա Գրիգորյանի միջև 13.09.2011 թվականին կնքվել է Երևան քաղաքի Էրեբունի փողոցի հ.14/2 հասցեում գտնվող` 143.0քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր, որից ծագող իրավունքը 20.07.2011 թվականին ենթարկվել է պետական գրանցման և ի հավաստումն գրանցված իրավունքի՝ տրվել է անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման հ.2825790 վկայականը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվում է թիվ ԵԴ/3688/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի Երևան համայնքի ընդդեմ Ելենա Գրիգորյանի՝ պայմանագիրը վաղաժամկետ լուծելու, որպես հետևանք իրավունքի պետական գրանցումը վերացնելու, կառուցապատման առարկա հողամասը Երևան համայնքին վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող թիվ ԵԴ/3688/02/19 քաղաքացիական գործով վիճարկման առարկա է հանդիսանում Երևան քաղաքի Էրեբունի փողոցի հ.14/2 հասցեում գտնվող՝ 143.0քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին Երևանի քաղաքապետի և Ելենա Գրիգորյանի միջև 13.09.2011 թվականին կնքված պայմանագիրը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է կասեցնել վարչական վարույթը, եթե անհնարին է տվյալ վարույթի արդյունքում ակնկալվող վարչական ակտի ընդունումը մինչև սահմանադրական, վարչական, քաղաքացիական կամ քրեական դատավարության կարգով քննվող գործով որոշում (դատական ակտ) կայացնելը։
2019 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ Խ-3163 դիմումի հիման վրա հարուցված վարույթի շրջանակներում պարզվել է, որ դիմումատուի կողմից հայցվող իրավունքի տրամադրումը սերտորեն առնչվում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող թիվ ԵԴ/3688/02/19 քաղաքացիական գործի առարկայի հետ, քանի որ հայցվող համաձայնեցման (թույլտվության) հիման վրա տրամադրվող իրավունքը բխում է Երևանի Էրեբունի փողոցի հ.14/2 հասցեում գտնվող հողամասի վերաբերյալ 13.09.2011 թվականին կնքված պայմանագրից ծագող կառուցապատման իրավունքից, հետևաբար մինչև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող թիվ ԵԴ/3688/02/19 քաղաքացիական գործով դատական ակտ կայացնելն անհնար է հարուցված վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելը:
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 49-րդ հոդվածի դրույթները.
ՈՐՈՇԵՑԻ
1. Կասեցնել 2019 թվականի սեպտեմբերի 4-ի թիվ Խ-3163 դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը՝ մինչև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող թիվ ԵԴ/3688/02/19 քաղաքացիական գործով վերջնական դատական ակտի կայացումը։
2. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը։
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից, երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                       Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ