Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

04.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4019-Ա 04.11.2019թ.


ՄԱԼԱԹԻԱՅԻ ՓՈՂՈՑԻ Հ.48 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ
ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Լյուդվիգ-Հարութ» ՍՊԸ-ի գրությունը` Մալաթիայի փողոցի հ.48 հասցեում գտնվող անշարժ գույքի զբաղեցրած հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ հաստատելու մասին, «Անուշիկ» ԼՏԸ-ի անվամբ գրանցված սեփականության վկայականը և ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության 03.07.2019թ. հ.14812-2019 գրությունը։
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Մալաթիայի փողոցի հ.48 հասցեում գտնվող անշարժ գույքի զբաղեցրած հողամասի փաստացի մակերեսը կազմում է 101.55 քմ:
ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ հողամասը բնակավայրերի նպատակային նշանակության խառը կառուցապատման գոտում է:
Քննարկվող հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1), 2), 3) կետերով սահմանված պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում և գտնվում է հողերի տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 7-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 135-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, 64-րդ հոդվածի 8-րդ մասի 2-րդ կետով և 16-րդ մասով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինու-թյան վարչության 01.10.2019թ. հ.18-06/2-86729 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Մալաթիայի փողոցի հ.48 հասցեում գտնվող անշարժ գույքի զբաղեցրած՝ 101.55քմ մակերեսով հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։
2. Սահմանել, որ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ Մալաթիայի փողոցի հ.48 հասցեում գտնվող, «Լյուդվիգ-Հարութ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող շինության զբաղեցրած՝ 101.55քմ մակերեսով հողամասն օրենքի ուժով սեփականության իրավունքով փոխանցվում է ընկերությանը:
3. Սահմանել, որ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 9-րդ կետում սահմանված դեպքերում հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերողը համապատասխա-նաբար պետական կամ համայնքային բյուջե պետք է վճարի հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը:
4. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Մալաթիայի փողոցի հ.48 հասցեում գտնվող 101.55քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն /օգտագործման նպատակը/՝ հասարակական կառուցապատման։
5. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
6. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
8. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                                                  ՀՐ.ՍԱՐԳՍՅԱՆ