Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4219-Ա 13.11.2019թ.


ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀՈՂԱՄԱՍ
ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արմանուշ Խաչատրյանի, Կարապետ և Սամվել Փախանյանների համատեղ դիմումը՝ Շենգավիթ վարչական շրջանի, Մանանդյան փողոցի նրբանցքի հ.20/4 հասցեում, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.23072012-01-1131 վկայական), բնակելի տան ընդլայնման նպատակով, առանց կառուցապատման իրավունքի և հրապարակային սակարկությունների, ուղղակի վաճառքի միջոցով լրացուցիչ հողամաս տրամադրելու մասին:
Տարածքի տեղազննումից և տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ ընդլայնման նպատակով, առանց կառուցապատման իրավունքի, լրացուցիչ տրամադրման համար քննարկվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 25.47քմ (ծածկագիր՝ 01-011-043-007 /Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի սեպտեմբերի 10-ի հ.133-Ն որոշման հավելված, տող՝ 89/), որը սահմանակից է ընդլայնվող հողամասին և օտարվող հողամասի դիրքից, ռելիեֆից կամ չափերից ելնելով՝ քաղաքաշինական նորմերին համապատասխան, այն կարող է օգտագործվել բացառապես ընդլայնվող հողամասի վրա գտնվող շենքի կամ շինությունների սպասարկման կամ դրանց վերակառուցման ուժեղացման, վերականգնման, արդիականացման և բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով։
Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 7-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, 49-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ և 2016 թվականի մայիսի 26-ի հ.550-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով, Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշման հավելվածի դրույթներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 07.08.2019թ. հ.18-06/1-Փ-489 եզրակացությունը.
1. Սահմանել, որ համայնքային սեփականություն հանդիսացող, Մանանդյան փողոցի նրբանցքի հ.20/4 հասցեին կից հողամասի մակերեսը կազմում է 25.47քմ:
2. Հողամասի սահմանները որոշվում են 25.47քմ մակերեսով հողամասի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:
3. Մանանդյան փողոցի նրբանցքի հ.20/4 հասցեին կից՝ 25.47քմ մակերեսով հողամասին տրամադրել «Մանանդյան փողոց, նրբանցք, հ.20/5» հասցեն:
4. ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 25-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծի համաձայն՝ Մանանդյան փողոցի նրբանցքի հ. 20/4 հասցեում գտնվող՝ 25.47քմ մակերեսով հողամասի նպատակային /կատեգորիան/ նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն /օգտագործման նպատակը/՝ բնակելի կառուցապատման։
5. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ Երևան համայնքի անվամբ պետական գրանցում կատարելուց հետո, Մանանդյան փողոցի նրբանցքի հ.20/4 հասցեում գտնվող, Կարապետ Փախանյանին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած հողամասին կից` 25.47քմ մակերեսով հողամասն առանց կառուցապատման իրավունքի ուղղակի վաճառքի միջոցով օտարել (վաճառել) իրեն` տարածագնահատման 7-րդ գոտու կադաստրային արժեքով, որը կազմում է 115 227 (հարյուր տասնհինգ հազար երկու հարյուր քսանյոթ) ՀՀ դրամ և փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
6. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշման հիման վրա տրամադրված՝ անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի Երևանի տարածքային ստորաբաժանմանը և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան բաժնին, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին.
2) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքը պետական գրանցման ենթարկելուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում, ծանուցել հողամասը ձեռք բերողին՝ ծանուցումը ստանալու պահից հողամասի կադաստրային արժեքը 15-օրյա ժամկետում վճարելու պարտավորության մասին:
7. Սահմանել, որ սույն որոշման 6-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետում հողամասի կադաստրային արժեքը հողամասը ձեռք բերողի կողմից չվճարվելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։
8. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի պաշտոնակատար Վահան Խաչատրյանին` հողամասի կադաստրային արժեքի վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացնելուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում, Երևանի քաղաքապետի անունից, Կարապետ Փախանյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
9. Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
10. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
11. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
12. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                     Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ