Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.11.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

4274-Ա 15.11.2019թ.


ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ



1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետին ուղղված Գնել Խաչատրյանի 2019 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ Խ-3869 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն՝ հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ:
2019 թվականի նոյեմբերի 8-ին, ժամը 16.00-ին հրավիրված վարչական վարույթի լսումներին մասնակցելու նպատակով՝ պատշաճ ծանուցվել և ներկայացել է Գնել Խաչատրյանը:
Ուսումնասիրելով Գնել Խաչատրյանի 2019 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ Խ-3869 դիմումը, գնահատելով դիմումներին կից և լսումների ընթացքում ներկայացված ապացույցները, ինչպես նաև գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
2017 թվականի հոկտեմբերի 2-ին տրված տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ KJ371008 վկայագրի և տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման հ.09BB370999 վկայականի համաձայն՝ «TOYOTA IPSUM» մակնիշի, 35ND963 հաշվառման համարանիշով ավտոմեքենան հանդիսանում է Գնել Խաչատրյանի սեփականությունը:
Երևանի քաղաքապետին ուղղված 2019 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ Խ-3869 դիմումում և լսումների ընթացքում Գնել Խաչատրյանը հայտնել է, որ 2019 թվականի հոկտեմբերի 21-ին Սարալանջի փողոցով ընթանալիս, սարի վերևից քարի բեկորները թափվել են իր սեփականությունը հանդիսացող «TOYOTA IPSUM» մակնիշի, 35ND963 հաշվառման համարանիշով ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով ավտոմեքենան վնասվել է, ինչով պայմանավորված Գնել Խաչատրյանը խնդրել է փոխհատուցել պատճառված վնասը:
2019 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ Խ-3869 դիմումին կից ներկայացվել են լուսանկարներ, որոնցում պատկերված են ավտոմեքենայի վնասված հատվածները, սակայն դրանք հնարավորություն չեն տալիս կատարել վնասված ավտոմեքենայի և Գնել Խաչատրյանին պատկանող ավտոմեքենայի նույնականացում, քանի որ ավտոմեքենայի վնասված մասերի լուսանկարներում պատկերված չէ ավտոմեքենան անհատականացնող տվյալ հանդիսացող՝ հաշվառման համարանիշը:
Գնել Խաչատրյանը լսումների ընթացքում հայտնել է, որ ավտոմեքենայի վնասվածքները վերացնելու համար պահանջվում է մոտավորապես 150.000-200.000 ՀՀ դրամ, սակայն ավտոմեքենայի վնասի չափը որոշող փաստաթղթեր, ինչպես նաև պատահարի և պատճառված վնասի միջև պատճառահետևանքային կապն ապացուցող փաստաթղթեր չի ներկայացրել:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության 2019 թվականի հոկտեմբերի 28-ի հ.16/Խ-3869 գրության համաձայն՝ Սարալանջի խճուղու նոր կառուցված ճանապարհի (Արմենակյան-Գլինկա) հատվածում քարաթափումը տեղի է ունեցել անձրևի հետևանքով հողի մակերևույթի արտաքին շերտը թուլանալու արդյունքում, հետևաբար վնասը պատճառվել է բնական տարերային երևույթի և անհաղթահարելի ուժի հետևանքով:
3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումները.
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն` քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:
Քաղաքացիական օրենսգրքի 1058–րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Քաղաքացիական օրենսգրքի 1058–րդ հոդվածի 2–րդ կետի համաձայն՝ վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96–րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ սույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
Հաշվի առնելով, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչության 2019 թվականի հոկտեմբերի 28-ի հ.16/Խ-3869 գրության համաձայն՝ քարաթափումը հանդիսանում է անհաղթահարելի ուժի հետևանք, ինչպես նաև այն հանգամանքը, որ պատճառված վնասի չափի, պատահարի և պատճառված վնասի միջև պատճառահետևանքային կապն ապացուցող փաստաթղթեր չեն ներկայացվել, վնասի հատուցման պահանջը ենթակա է մերժման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇԵՑԻ
1. Գնել Խաչատրյանի՝ վնասի փոխհատուցում տրամադրելու մասին 2019 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ Խ-3869 դիմումը մերժել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանին՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                       Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ