Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.02.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ    
ՈՐՈՇՈՒՄ   
 
557-Ա  16.02.2018թ.

ԴԻՄՈՒՄԸ   ՄԵՐԺԵԼՈՒ   ՄԱՍԻՆ   



1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետին ուղղված Պարույր Վարդանյանի 2018 թվականի հունվարի 17–ի թիվ Վ-65 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների համաձայն` հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ:
2018 թվականի փետրվարի 2-ին, ժամը 16.00-ին հրավիրված վարչական վարույթի լսումներին մասնակցելու նպատակով` պատշաճ ծանուցվել և մասնակցել է Պարույր Վարդանյանը:
Ուսումնասիրելով Պարույր Վարդանյանի 2018 թվականի հունվարի 17–ի թիվ Վ-65 դիմումը,  գնահատելով դիմումին կից ստացված ապացույցները, ինչպես նաև գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն Պարույր Վարդանյանի 2018 թվականի հունվարի 17–ի թիվ Վ-65 դիմումի՝ 2017 թվականի դեկտեմբերի 25-ին, Երևան քաղաքի Տերյան փողոցի վերջնամասում կայանված,  իր սեփականությունը հանդիսացող ավտոմեքենայի վրա ծառ է ընկել, ինչի հետևանքով ավտոմեքենան վնասվել է:
Լսումների ընթացքում Պարույր Վարդանյանը հայտնել է, որ դեպքի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությանը, Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը չի դիմել, վերջինս դեպքի վայրում չի եղել, արձանագրություն չի կազմել և ինքը տապալված ծառի տեղափոխման մասին տեղեկատվության չի տիրապետում: Պարույր Վարդանյանը հայտնել է նաև, որ վնասի հատուցման հարցի պարզման նպատակով ունեցել է հեռախոսազրույց ապահովագրական ընկերության հետ, ինչի կապակցությամբ վերջինս բանավոր պատասխանել է, որ դա չի առնչվում ապահովագրական ընկերության պարտականություններին և անհրաժեշտ է դիմել Երևանի քաղաքապետարան:
2018 թվականի հունվարի 17–ի թիվ Վ-65 դիմումին կից, որպես ապացույց, ներկայացվել է էլեկտրոնային կրիչ, որում պարունակվող թվով 9 լուսանկարի և թվով 2 տեսանյութի ուսումնասիրության արդյունքում ապացուցված չհամարվեց ավտոմեքենայի վնասվածքները ծառի տապալման հետևանքով առաջացած լինելու հանգամանքը:
2018 թվականի հունվարի 17–ի թիվ Վ-65 դիմումի առարկա ավտոմեքենան՝ Պարույր Վարդանյանի սեփականությունը հանդիսանալու, ավտոմեքենայի վնասվածքների առաջացման պատճառների, վնասի չափի, ինչպես նաև հարցին առնչվող այլ հանգամանքների վերաբերյալ ապացույցներ չեն ներկայացվել:
3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն` քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058–րդ հոդվածի 2–րդ կետի՝ վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 96–րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ սույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի  43-րդ և 96–րդ հոդվածներով՝
ՈՐՈՇԵՑԻ
1.Պարույր Վարդանյանի՝ վնասի փոխհատուցում տրամադրելու մասին 2018 թվականի հունվարի 17-ի թիվ Վ-65 դիմումը մերժել:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը,
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                      Տ.ՄԱՐԳԱՐՅԱՆ