Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

21.02.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


623-Ա 21.02.2020թ.


ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ



1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետին ուղղված Լիզա Քարիմյանի 2019 թվականի դեկտեմբերի 30–ի թիվ Ք-1557 առցանց դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն՝ հարուցվել և իրականացվել է վարչական վարույթ:
2020 թվականի հունվարի 29-ին, ժամը 17.00-ին հրավիրված վարչական վարույթի լսումներին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և լսումներին ներկայացել է Լիզա Քարիմյանը:
Երևանի քաղաքապետին ուղղված Լիզա Քարիմյանի 2019 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ Ք-1557 դիմումով, որպես ապացույցներ, ներկայացվել են լուսանկարներ, տրանսպորտային միջոցի հաշվառման վկայականի, վարորդական վկայականի պատճենները:
Ուսումնասիրելով Լիզա Քարիմյանի 2019 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ Ք-1557 դիմումը, գնահատելով դիմումին կից ներկայացված ապացույցները, ինչպես նաև գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, վարչական մարմինը պարզել է հետևյալը.
2.Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Լիզա Քարիմյանի 2019 դեկտեմբերի 30-ի թիվ Ք-1557 առցանց դիմումի համաձայն՝ 2019 թվականի դեկտեմբերի 27-ին Նալբանդյան հ.29 շենքի մուտքի առջև գտնվող ծառի ճյուղն ընկել է բակում կայանած «NISSAN» մակնիշի, 34NF453 հաշվառման համարանիշով ավտոմեքենայի վրա՝ պատճառելով նյութական վնաս, ինչով պայմանավորված Լիզա Քարիմյանը խնդրել է փոխհատուցել պատճառված վնասը:
Լսումների ընթացքում Լիզա Քարիմյանի կողմից, որպես ապացույց, ներկայացված՝ 2014 թվականի հունիսի 4-ի թիվ HB303833 վկայագրի համաձայն՝ «NISSAN» մակնիշի, 34NF453 հաշվառման համարանիշով ավտոմեքենան հանդիսանում է Ասյա Կոսյանի սեփականությունը:
Լիզա Քարիմյանի կողմից չեն ներկայացվել ավտոմեքենայի վնասի չափը որոշող, պատահարի և պատճառված վնասի միջև պատճառահետևանքային կապն ապացուցող փաստաթղթեր:
2020 թվականի հունվարի 29-ին, ժամը 17.00-ին հրավիրված վարչական վարույթի լսումների ընթացքում Լիզա Քարիմյանը բանավոր հայտարարել է, որ ավտոմեքենային պատճառված վնասի չափը մոտավորապես կազմում է 60.000-70.000 /վաթսունից յոթանասուն հազար/ ՀՀ դրամ, սակայն դա հիմնավորող ապացույց չի ներկայացրել:
Դիմումատու Լիզա Քարիմյանի կողմից ներկայացված լուսանկարների հետազոտությունից չի ապացուցվում ավտոմեքենայի վրա ծառի ճյուղ ընկած լինելու և դրա արդյունքում ավտոմեքենան վնասվելու հանգամանքը:

3.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումները.
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Քաղաքացիական օրենսգրքի 1058–րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լիզա Քարիմյանը չի հանդիսանում 2019 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ Ք-1557 առցանց դիմումում նշված՝ «NISSAN» մակնիշի, 34NF453 հաշվառման համարանիշով ավտոմեքենայի սեփականատերը, հետևաբար Լիզա Քարիմյանը չի հանդիսանում նաև նշված ավտոմեքենային պատճառված ենթադրյալ վնասի հատուցման պահանջ ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտ, ուստի 2019 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ Ք-1557 դիմումը ենթակա է մերժման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇԵՑԻ
1.Լիզա Քարիմյանի՝ վնասի փոխհատուցում տրամադրելու մասին 2019 թվականի դեկտեմբերի 30–ի թիվ Ք-1557 առցանց դիմումը մերժել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                            Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ