«21-րդ դարի գրադարանները և զարգացման հեռանկարները» թեմայով կլոր սեղան-քննարկում՝ Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում

21.03.2018

Երևանի քաղաքապետարանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում կազմակերպվել է «21-րդ դարի գրադարանները և զարգացման հեռանկարները» թեմայով կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել են Հայաստանի մի շարք գրադարանների ներկայացուցիչներ, գրադարանային ոլորտի առաջատար մասնագետներ և մշակույթի գործիչներ: Տեսազանգով քննարկմանը միացել է նաև ՌԴ Սանկտ-Պետերբուրգի Վլադիմիր Մայակովսկու անվան քաղաքային կենտրոնական հանրային գրադարանի առաջատար մեթոդիստ Աննա Սնետկովան:

Կլոր սեղանի շրջանակում քննարկվել են գրադարաններում ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների կիրառման և հետագա համագործակցության հարցեր: Մասնակիցները նշել են, որ Հայաստանի գրադարաններն այսուհետ հնարավորություն ունեն միմյանց փոխանցելու գրադարանային աշխատանքների կազմակերպման լավագույն փորձն ու մեթոդները, իսկ թվայնացված բազաները բաց և հասանելի են դառնալու հանրային բոլոր գրադարանների ընթերցողների համար: Նշվել է, որ պարբերաբար կազմակերպվելու են նաև առաջատար փորձի փոխանակման դասընթացներ, վարպետաց դասեր, փոխայցելություններ ու անհրաժեշտ այլ միջոցառումներ:
Հարկ է նշել, որ այս տարեսկզբից Երևանի քաղաքապետարանի ենթակայության Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի բոլոր մասնաճյուղերում ներդրվել և կիրառվում է գրադարանային գործառույթների ավտոմատացման ծրագիրը, որը դեռևս 2011 թվականին էր ներդրվել կենտրոնական գրադարանում: Ի դեպ, 2015 թվականից էլ ներդրվել են էլեկտրոնային ավտոմատացված գրացուցակները, ինչը ընթերցողներին հնարավորություն է ընձեռում շուրջօրյա օգտվել ցանցում առկա ավելի քան 1 մլն 200 հազար թվայնացված գրքերից:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ