Ամփոփվել են Հայաստանի Հանրապետության դպրոցականների շախմատի 11-րդ օլիմպիադայի երևանյան փուլի արդյունքները

17.03.2017

Հայտնի են դարձել ՀՀ դպրոցականների շախմատի 11-րդ օլիմպիադայի (մարզային) երևանյան փուլի հաղթող դպրոցների թիմերը: Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը, ՀԲԸՄ գործադիր տնօրեն Դալար Գազանչյանը:

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում մարտի 16-17-ը կայացած մրցաշարի ընթացքում ծավալված համառ ու անզիջում պայքարում (3 տղա, 1 աղջիկ) թիմային հաշվարկով հաղթող է ճանաչվել Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող Չեխովի անվան համար 55 հիմնական դպրոցի թիմը: Երկրորդ հորիզոնականում է Երևանի քաղաքապետարանի` Նիկոլ Աղբալյանի անվան համար 19 հիմնական դպրոցի թիմը և մրցանակային եռյակը եզրափակել է «Ուսում» միջնակարգ դպրոցի թիմը:
Հաղթող թիմերի մարզիչներին գավաթներ, իսկ մասնակիցներին քաղաքապետարանի պատվոգրեր է հանձնել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Ողջունելով ներկաներին` քաղաքապետի տեղակալը վստահություն է հայտնել, որ արդեն նշանակալի ձեռքբերումների հասած այս դպրոցականները մեր շախմատային հարուստ ավանդույթների վաղվա կրողներն են: Արամ Սուքիասյանը շնորհավորել է պատանի շախմատիստներին և մաղթել մարզական նորանոր նվաճումներ: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանն էլ հատկանշել է, որ Երևանի քաղաքապետարանը հատուկ ուշադրություն է դարձնում մարզական միջոցառումներին և հատկապես շախմատին, ինչի վկայությունը նաև մայրաքաղաքում արդեն լիարժեք գործող շախմատի 12 դպրոցներն են: ՀԲԸՄ գործադիր տնօրեն Դալար Գազանչյանն էլ իր հերթին պատրաստակամություն է հայտնել այսուհետ ևս աջակցել դպրոցականների օլիմպիադաներին և նպաստել նոր տաղանդների բացահայտմանը: ՀՀ դպրոցականների շախմատի 11-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլին մասնակցած և 4-10 տեղերը զբաղեցրած դպրոցների թիմերին շնորհվել են Երևանի քաղաքապետարանի շնորհակալագրեր: Հիշեցնենք, որ համայնքային փուլին 2016 թվականի աշնանը մասնակցել էին 176 դպրոցների թիմեր, որոնցից 10-ը մասնակցեցին Երևանյան փուլին: Այս փուլում հաղթող թիմերն էլ մայիսին ուժերը կչափեն հանրապետական փուլում:



Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ