Ապահովել լիարժեք պայմաններ ներառական նախնական կրթության համար. քաղաքապետն այցելել է թիվ 92 մանկապարտեզ

20.11.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը վերջինիս  առաջարկով այցելել են Երևանի թիվ 92 մանկապարտեզ, ծանոթացել ներառական կրթության համար նախակրթարանում ստեղծված պայմաններին: Այսօր մանկապարտեզում գործող 3 նախաներառական և 6 ներառական խումբ են հաճախում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող՝ թեթև, միջին և ծանր զարգացման խնդիրներով 42 երեխաներ: Երեք տարին լրացած այն երեխաները, որոնք բժշկի և մանկավարժահոգեբանական թիմի գնահատմամբ կարող են անմիջապես ներառվել խմբերում, հաճախում են մանկապարտեզում գործող ներառական (ընդհանուր) խմբեր: Իսկ այն երեխաները, որոնք անմիջապես չեն կարող ներառվել` հաշվի առնելով առանձնահատուկ կարիքները, ընդգրկվում են նախաներառական խմբեր: Մանկապարտեզում գործում է նաև վերականգնողական կենտրոն: Փոքրիկների հետ աշխատում են վերապատրաստված մասնագետներ՝ հոգեբան, լոգոպեդ, հատուկ մանկավարժ: Քաղաքապետ Հայկ Մարությանը զրուցել է աշխատակիցների հետ, ծանոթացել կրթական ու վերականգնողական ծրագրերին: Պատասխանատուները նշել են, որ նկարչության, ֆիզկուլտուրայի, երգեցողության պարապմունքներն ու զբոսանքի ժամերը նախաներառական և ներառական խմբերի երեխաները միասին են անցկացնում: 

ԱԺ նախագահը Երևանի քաղաքապետին առաջարկել է ներառական կրթություն ապահովելու հաջողված այս մոդելը կիրառել նաև մայրաքաղաքի մյուս վարչական շրջաններում: Կարևորելով ներառական կրթության անհրաժեշտություն ունեցող երեխաների համար լիարժեք պայմանների ապահովումը՝ Հայկ Մարությանը նշել է, որ քաղաքապետարանը կուսումնասիրի առաջարկն ու ծրագրի գործընկեր կառույցների հետ քայլեր կձեռնարկի Երևանի տարբեր շրջաններն ընդգրկող նման հատվածների ձևավորման ուղղությամբ: 

Երևանի թիվ 92 մանկապարտեզում ծրագիրն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Արաբկիր» բժշկական համալիրի, ինչպես նաև «Քրոնիմետ» և «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամների համագործակցության շրջանակում:

Տեսանյութ

Ապահովել լիարժեք պայմաններ ներառական նախնական կրթության համար. քաղաքապետն այցելել է թիվ 92 մանկապարտեզ
Տեսնել ավելին