Առաջին հերթափոխով մարզաառողջարանային ճամբարներ է մեկնել երևանաբնակ 365 երեխա

19.06.2018

Երևանաբնակ՝ զոհված, հաշմանդամ զինծառայողների, աշխարհազորայինների ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ, ինչպես նաև սիրիահայ ընտանիքների դպրոցահասակ 365 երեխաներ, ՀՀ կառավարության ամենամյա ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, ամառային հանգստի են մեկնել Հանքավանի և Ծաղկաձորի մարզաառողջարանային ճամբարներ: 

Ավանդույթի համաձայն երեխաների մեկնումը ճամբարներ կազմակերպվել է անմիջապես վարչական շրջաններից: Վաղ առավոտյան երեխաներին ամառային հանգստի են ճանապարհել վարչական շրջանների ղեկավարները, հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը և սոցիալական ապահովության վարչության աշխատակիցները: Մինչ երեխաների մեկնելը նրանց բաժանվել է մարզական գույք և մարզահագուստ:
Առաջին հերթափոխի ճամբարականները կվերադառնան հուլիսի 8-ին: 7-13 տարեկան ճամբարականների փոխադրման համար տրամադրվել են հարմարավետ ավտոբուսներ: Ընդ որում, մեկնելու և վերադարձի անվտանգությունը ապահովելու նպատակով երեխաներին կուղեկցի Ճանապարհային ոստիկանությունը: 
Նշենք նաև, որ մարզաառողջարանային 5 ճամբարներում պատանիներն ու աղջիկները կհանգստանան երեք հերթափոխով՝ ապահովված լինելով հանգստի կազմակերպման բոլոր անհրաժեշտ պայմաններով: Երեխաները տեղերում գտնվելու են մշտական ուշադրության կենտրոնում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ փոքրիկ երևանցիների ճամբարային հանգստի օրերին նրանց կայցելեն վարչական շրջանների ղեկավարները և քաղաքապետարանի պատասխանատուները՝ տեղերում երեխաների առօրյային ու ստեղծված պայմաններին ծանոթանալու նպատակով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ