Աշնակում նշվել է ավանդական ֆիդայատոնը

27.05.2015

Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում ավանդաբար՝ մայիսի 27-ին նշվող ֆիդայիների ոգեկոչման ու ազգային ազատագրական շարժման հերոս, ֆիդայապետ Գևորգ Չավուշի հիշատակի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի գլխավորությամբ Աշնակ էր այցելել Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ինչպես նաև «Սասուն-Տարոն» հայրենակցական միության անունից ծաղկեպսակներ են դրվել Գևորգ Չավուշի, ինչպես նաև նահատակված մյուս ֆիդայիների հիշատակին: Երևանի քաղաքապետարանի պատվիրակությունը նաև ծաղիկներ է խոնարհել Գևորգ Չավուշի զարմիկի՝ Գևորգ Մելքոնյանի շիրիմին, ում անմիջական ջանքերով էլ ստեղծվել է թանգարանը։ Ավանդատոնն ուղեկցվել է ազգային-ազատագրական երգերի ու պարերի կատարումներով: 

Ֆիդայատոնն այս տարի նույնպես մեկտեղել էր ոչ միայն աշնակցիներին ու հարակից գյուղերի բնակիչներին, այլև մայրաքաղաքից ժամանած բազմաթիվ հյուրերի: Հարգանքի տուրք է մատուցվել նաև Արցախյան ազատամարտում զոհված աշնակցիների, ինչպես նաև Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ