ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Աշտարակի խճուղին՝ նոր լուսավորությամբ. ցանցը վերակառուցվել ու արդիականացվել է

13.11.2022

Աշտարակի խճուղին Երևանի արևմտյան մուտքն է: Ճանապարհն, իհարկե, լուսավորություն ուներ, բայց լուսավոր չէր: Երևանի քաղաքապետարանը նախաձեռնեց ամբողջությամբ արդիականացնել խճուղու լուսավորության համակարգը:

«Ցանցը վերգետնյայից տեղափոխվել է ստորգետնյա, փոխվել են հենասյուները, ցինկապատ նոր հենասյուներ են տեղադրվել: Ամեն հենասյան տակ նախատեսված են դիտահորեր: Բացի էլեկտրասնման մալուխից նաև 4 խողովակ կա՝ նախատեսված հետագայում այլ օպերատորների համար», -նշում է «Երքաղլույս» ՓԲԸ տնօրեն Գալուստ Վարդանյանը:

«Ցանցը, որն օդային չէ, առաջին հերթին գեղեցկացնում է քաղաքը, երկրորդն էլ՝ հեշտացել են աշխատանքները: Մալուխները վնասվելու դեպքում հեշտությամբ կարող ենք դուրս բերել, անմիջապես վթարը վերացնել և նորից անցկացնել»,- ասում է «Երքաղլույս»-ի աշխատակից Գրիշա Գրիգորյանը:

Մոտ 4 կմ հատվածը լուսավորելու համար տեղադրվել է 125 նոր հենասյուն: Նատրիումային լամպերը փախարինվել են էներգախնայող 250 LED լուսատուով, որոնք այսօր մի քանի անգամ ավելի ուժեղ լուսավորություն են ապահովում:

«Լուսատուները ձեռք են բերվել ՄԱԶԾ կողմից և տրամադրվել են համայքնին: Սա դեռ անցյալ տարի նախատեսված համատեղ աշխատանքի վերջին փուլն էր այս տարվա համար»,-նշում է Գալուստ Վարդանյանը:

«Սա մեր Արտաքին լուսավորության պահարանն է, որից տեղադրված է երեք հատ՝ իր համալիր սարքավորումներով: Մեջը տեղադրված են թողարկիչներ, որոնք ապահովում են գիշերային ցանցի լուսավորությունը: Անջատիչներ կան, վտանգների դեպքում անջատվելու է: Այն կառավարվում է քաղաքից, միանալու է ավտոմատ՝ հատուկ կենտրոնից, լուսավորությունն աշխատելու է»,-ասում է տեղամասի պետ Գուրգեն Բաբայանը:

Լուսավորության առավելությունները ոչ միայն վարորդներն են գնահատում, այլև հարակից տարածքի բնակիչներն ու աշխատանքի բերմամբ ամեն օր այստեղով անցնող քաղաքացիները:

Երևանի քաղաքապետարանն այս տարի դեռ կշարունակի փողոցների լուսավորության արդիականացման ծրագիրը: Նախագծեր կան նաև հաջորդ տարվա համար:

«Այս տարվա ծրագրով Երևանի մի շարք փողոցներում փոխարինեցինք լուսատուներ: Քաղաքապետի հանձնարարությամբ կատարվել է գույքագրում, և հաջորդ տարի 500 մլն դրամ կհատկացվի լուսատուների փոխարինմանը: Բացի այդ, շարունակելով ՄԱԶԾ գրասենյակի հետ մեր համագործակցությունը, ևս 500 մլն դրամ լուսատուներ ձեռք կբերվեն»,-ասում է «Երքաղլույս»-ի տնօրենը:

Երևանի արտաքին լուսավորության արդիականացումն ուղղված է քաղաքում անվտանգության ու հարմարավետության ապահովմանը:

Լուսանկարներ
x

Alternative content

Get Adobe Flash player

x