Ավանի թիմը` «Առողջ սերունդ`պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային փառատոնի վոլեյբոլ մարզաձևի հաղթող

07.07.2015

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում շարունակվում է «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային ավանդական փառատոնը` 7 մարզաձևերով: 

Մինչ համաքաղաքային փուլը մայրաքաղաքի 12 վարչական շրջանների թիմերը տեղերում պարզել են լավագույններին, որոնք էլ արդեն ուժերը չափում են համաքաղաքային փուլում: Ուշագրավ է, որ նման մրցաշարերում նույն թիմում կարող են հանդես գալ ինչպես տղաներ, այնպես էլ աղջիկներ: Հուլիսի 6-ին որոշվել են վոլեյբոլ մարզաձևի հաղթողները: Համառ ու անզիջում պայքարում 3-րդ պատվավոր տեղը զբաղեցրել է Աջափնյակ վարչական շրջանի թիմը, արծաթե մեդալների է արժանացել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիմը, իսկ հաղթող է ճանաչվել Ավան վարչական շրջանի թիմը: Ավանցի պատանիներին ու աղջիկներին մեդալները հանձնել է Երևանի քաղաքապետի խորհրդական Հրաչյա Մուրադյանը: Մեդալներով, պատվոգրերով և գնդակներով պարգևատրվել են նաև Մալաթիա-Սեբաստիա և Աջափնյակ վարչական շրջանների վոլեյբոլի թիմերը: Հուլիսի 7-ին կմեկնարկի բասկետբոլի մրցաշարը: Նման միջոցառումների գլխավոր նպատակը դեռահասների ու պատանիների շրջանում առողջ ապրելակերպի սերմանումն է: Մարզական առանձնահատուկ ունակություններով աչքի ընկած մասնակիցները կընդգրկվեն մայրաքաղաքի մարզադպրոցներում:
Փառատոնում ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանի թիմը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լուսանկարներ