Ավարտվել է հենաշարժողական խնդիրներ ունեցող փոքրիկների և պատանիների համար ամառային ճամբարների ծրագիրը

02.09.2015

Երևանի քաղաքապետարանը Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության հետ համատեղ արդեն երրորդ տարին անընդմեջ «Երևանյան ամառ» եռամսյա ծրագրի շրջանակում հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար կազմակերպում է ամառային ճամբարներ: Օգոստոսի 28-ին մեկնարկած քառօրյա ծրագիրն ավարտվել է: Խաղերով ու անակնկալներով լի առօրյայով ճամբարներում այս տարի իրենց հանգիստն են անցկացրել շուրջ 100 փոքրիկներ և պատանիներ: Երեխաներն այցելել են Մանկական երկաթուղի, անվճար օգտվել նաև «Հաղթանակ» զբոսայգու ատրակցիոններից, Երևանի կենդանաբանական այգում շփվել են կենդանիների հետ ու հետևել նրանց կերակրման ընթացքին, մեկ օր էլ անցկացրել են Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունում: Սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագիրը լինելու է շարունակական նաև առաջիկա տարիներին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ծրագրում ընդգրկվում են ցանկություն հայտնած հենաշարժողական խնդիրներ ունեցող բոլոր երեխաները:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ