«Այսուհետ ոչ մի կանաչ տարածք չի զիջվելու». քաղաքապետը շրջայց է կատարել կանաչ տարածքներում

03.09.2020

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն աշխատանքային շրջայցի ընթացքում ծանոթացել է կանաչապատման ոլորտում իրականացվող աշխատանքներին, առկա խնդիրներին ու ծրագրերին: Նշենք, որ 2020թ. տարեսկզբից Երևանի բնապահպանական ու կանաչապատման խնդիրներով սկսեց զբաղվել «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը:
«Ամենահիմնական և կարևոր գործը, որ մենք արել ենք՝ սկսել ենք համակարգային փոփոխություններ: Յուրաքանչյուր վարչական շրջան կանաչապատման իր ՓԲԸ-ն ուներ, իրենք առանձին-առանձին գործում էին, ամեն մեկն իր քաղաքականությունն էր վարում, և դա ճիշտ չէր, որովհետև քաղաքում պետք է մեկ քաղաքականությամբ մոտենալ բոլոր խնդիրներին, և առաջինն ինչ արեցինք՝ ստեղծեցինք մեր կանաչապատման ՀՈԱԿ-ը»,- նկատել է քաղաքապետը:
Երևանի ոռոգման համակարգը շուրջ 400 կմ երկարություն ունի, որից լիարժեքորեն գործում է միայն 90 կմ-ը: Քաղաքապետ Մարությանին զեկուցվել է, որ ընթացիկ տարվա ավարտին մայրաքաղաքում անցկացված կլինի շուրջ 17 000 գծամետր ոռոգման ցանց, որից 7000 գծամետրն արդեն շահագործվում է: Վերանորոգվել է 7 պոմպակայան, այժմ ընթացքում է ևս 3-ի արդիականացումը: Ծիծեռնակաբերդի անտառային գոտու համայնքապատկան տարածքների ու Սարալանջի շուրջ 12 հա կանաչ գոտին վերականգնելու նպատակով անցկացվում է ոռոգման նոր համակարգ: Աշխատանքներն ավարտական փուլում են: Տարեկան ծրագրում նաև խորքային հորերի հորատում է նախատեսված:
«Հիմնական խնդիրը ջուրն է: Լավագույն մասնագետներին էլ եթե ներգրավես, եթե չկա ոռոգման ցանց, ոչինչ չես կարող ստանալ: Այդ խնդիրը նաև խորքային հորերի միջոցով պետք է լուծենք, որովհետև շատ հաճախ այն ջուրը, որը մատակարարվում է ՋՕ-ի կողմից, լինում է նաև ընդհատումներով, իսկ 3-4 օրվա ընդհատումը կամ մեկ շաբաթվա ընդհատումը կարող է ամբողջ տարվա աշխատանքը ջուրը գցել: Այս առումով փորձելու ենք նաև գումարներ ներգրավել դրամաշնորհներով՝ աշխատելով մեր միջազգային գործընկերների հետ: Սա նաև կլինի ջրային պաշարների անկախություն»,- ընդգծում է Հայկ Մարությանը:
Կառուցվող խորքային նոր հորի շնորհիվ ոռոգելի կդառնա նաև Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ գտնվող կանաչ գոտին, որն այսօր անմխիթար վիճակում է: Նոր Նորքում քաղաքապետն այցելել է նաև Հայ Առաքելական եկեղեցու տնօրինության տակ գտնվող Վերածննդի այգի: Տեղում քննարկվել է եկեղեցու հետ համատեղ տարածքը բարեկարգելու հնարավորությունը: Թաղամասի մեկ այլ խոշոր՝ Թաթուլ Կրպեյանի անվան այգու հարակից տարածքի զավթված մի շարք հողակտորներ վերադարձվել են համայնքին: Ընդհանուր առմամբ շուրջ 10 հա տարածքում գալիք տարի նախատեսվում է ծառատունկ իրականացնել և ճեմուղի կառուցել, որը հնարավորություն կտա հասնել մինչև Կենդանաբանական այգի:
«Այսուհետ ոչ մի կանաչ տարածք չի զիջվելու: Այսինքն՝ բոլոր կանաչ տարածքները, որոնք մնացել են և չեն օգտագործվել այլ նպատակներով, պետք է ատամներով պահենք: Իմ օրոք ոչ մի կանաչ տարածք չի ծառայելու այլ նպատակի և հակառակը՝ շատ տարածքներ, որոնք քարտեզի վրա նշված են որպես կանաչ տարածք, բայց իրականում ընդհանրապես այդպիսին չեն, իրոք պետք է դառնան կանաչ տարածքներ. Սա ամենակարևոր քաղաքականությունն է, որը վարելու ենք: Սա մեր թոքերն է, մեր երեխաների առողջ կյանքն է: Մենք իրավունք չունենք այլևս ոչ մի միլիմետր զիջելու այստեղ»,-ընդգծել է քաղաքապետ Մարությանը:
Կանաչապատման համայնքային հիմարկը 2020-ի ընթացքում ձեռք է բերել նաև նոր տեխնիկա, այդ թվում՝ 80 խոտհնձիչ, 60 տրիմեր, 10 եռակցման սարք, 10 էլեկտրագեներատոր, 10 ձեռքի սրսկիչ և 1 բազմաֆունկցիոնալ նոր մեքենա: Համայնքային կառույցի տեխնիկական համալրումը շարունակվում է:
«Այն արդյունքը, որը ես ակնկալում եմ, իհարկե, մեկ, երկու կամ երեք տարում չի լինելու, բայց ես տեսնում եմ փոփոխություններ, և այդ փոփոխությունները տարեցտարի լինելու են»,- նշել է քաղաքապետ Հայկ Մարությանը:

Տեսանյութ

«Այսուհետ ոչ մի կանաչ տարածք չի զիջվելու». քաղաքապետը շրջայց է կատարել կանաչ տարածքներում
Տեսնել ավելին