«Բարի գալուստ Սանկտ Պետերբուրգ» խորագրով զբոսաշրջային շրջիկ ցուցադրությունը՝ Երևանում

08.11.2018

Զբոսաշրջության ոլորտում Երևանի և Սանկտ Պետերբուրգի համագործակցության ծրագրով Երևանում է «Բարի գալուստ Սանկտ Պետերբուրգ» խորագրով զբոսաշրջային շրջիկ ցուցադրությունը (road show): Այն սկիզբ էր առել Սանկտ Պետերբուրգից և մինչև Երևան հասնելը հյուրընկալվել Վոլգոգրադ, Կրասնոդար, Ստավրոպոլ և Թբիլիսի քաղաքներում:

Երևանում մասնակիցներին ողջունեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:
«Սանկտ Պետերբուրգի հետ համագործակցության շրջանակում Երևանն առանձնահատուկ կարևորում է հենց զբոսաշրջության ոլորտը: Այս ուղղությամբ փոխգործակցությունը համարում ենք արդյունավետ, քանի որ հենց այսօր տեղի ունեցող այս միջոցառումը արդյունքն է այն բանի, որ Երևանը և Սանկտ Պետերբուրգը սկսել են համագործակցությունը դեռ տարիներ առաջ, և համոզված ենք, որ այն ավելի ամրապնդելու լավ նախադրյալներ կան», - նշել է Գևորգ Օրբելյանը:
Սանկտ Պետերբուրգի պատվիրակության ղեկավար, տուրիզմի կոմիտեի միջազգային և տարածաշրջանային ծրագրերի գծով բաժնի պետ Ալեքսանդր Մարտինովը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և հյուրընկալության համար՝ նշելով, որ շրջիկ ցուցադրության ընթացքում շատ քաղաքներ են այցելել, բայց Երևանն ամենից շատն է տպավորվել:
Հանդիպման ընթացքում ներկայացվել են Սանկտ Պետերբուրգի զբոսաշրջային բաղադրիչ ներառող ծրագրերը: Երկու քաղաքների տուրիզմի բաժնի պետերը քննարկել են Երևանի և Սանկտ Պետերբուրգի զբոսաշրջային ներուժի ընդլայնման և համատեղ ծրագրերի մշակման հնարավորությունները: Սանկտ Պետերբուրգից ժամանած պատվիրակության անդամները նշել են, որ Երևանը դիտարկում են որպես զբոսաշրջության նախընտրելի ուղղություն և կարևորում փոխադարձ համագործակցությունը:
Միջոցառմանը հաջորդել է աշխատաժողովը, որին մասնակցել են Երևանի բազմաթիվ զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչներ:
Հիշեցնենք, որ 1997 թվականին Սանկտ Պետերբուրգում համաձայնագիր է կնքվել երկու քաղաքների միջև: Ըստ այդ համաձայնագրի՝ պարբերաբար կազմակերպվում են զբոսաշրջության ոլորտին առնչվող կլոր սեղաններ, փոխայցեր, դպրոցահասակ երեխաների համար զբոսաշրջային այցելություններ, գովազդային արշավներ և այլն:



Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին