«Բացի տեղեկանք տալուց, պոլիկլինիկաները քաղաքացիներին նաև որակյալ ծառայություններ պետք է մատուցեն». քաղաքապետ Հրաչյա Սարգսյան

23.05.2022

Ծիծեռնակաբերդի խճուղում մեկնարկել են փլուզված հատվածի վերակառուցման աշխատանքները: Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին զեկուցվել է, որ փլվածքի ողջ երկայնքով ճանապարհը կվերակառուցվի, կիրականացվեն ամրացման աշխատանքներ: Ծրագրի շրջանակում կվերակառուցվեն նաև գործող բոլոր ստորգետնյա հաղորդուղիներն ու հեղեղատար համակարգը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները կազմակերպել եռահերթ՝ նաև գիշերային ժամերին, որպեսզի կարճ ժամանակահատվածում գործընթացն ավարտվի և ճանապրհի երկկողմանի երթևեկությունը բացվի:

 

***


Մայրաքաղաքում ընթացքի մեջ են գծանշման աշխատանքները: Գործընթացը կազմակերպվում է հատուկ տեխնիկայի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս աշխատանքներն իրականացնել ավելի արագ ու սահմանված չափորոշիչներին համապատասխան: Հարկ է նշել, որ ապրիլի 1-ից այս գործառույթն անցել է համայնքին: Զուգահեռ կմեկնարկի նաև փողոցների «նյու ջերսի» տիպի բետոնապատ հենապատերի ներկման գործընթացը:


***


Երևանի մի շարք փողոցներ ևս այսուհետ առավել անվտանգ կլինեն հետիոտնի համար: Ընթացիկ տարում մայրաքաղաքում կտեղադրվի հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող շուրջ 60 լուսացույց:


***


Երևանյան լճի հետագա աղտոտումը կանխարգելելու նպատակով Հրազդան գետի վրա տեղադրվում է աղբաորսիչ ճաղավանդակ:


***


Մայրաքաղաքում միջազգային վարկային ծրագրերի ընթացքի վերաբերյալ զեկուցվել է, որ Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածում աշխատանքներն արդեն ավարտական փուլում են: Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում կառուցվող այս ճանապարհի բացումը նախատեսվում է հունիսի 4-ին: Այն ներառում է նաև Հրազդան գետի վրա կառուցված 252մ. երկարությամբ և 28մ. լայնությամբ Երևանի 5-րդ խոշոր կամուրջը:


***


Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորգվող 15 մանկապարտեզներից 13-ում աշխատանքներն ընթացքի մեջ են: Դրանցից մեկն առաջիկայում կհանձնվի շահագործման:
Եվրոպական ներդրումային բանկի հետ այժմ բանակցություններ են տարվում ծրագրի երկրորդ փուլում նաև պոլիկլինիկաներ ընդգրկելու ուղղությամբ: Կարևորելով պոլիկլինիկաներում հարմարավետ պայմանների ապահովումը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ համայնքն այսօր նախձեռնել է փոփոխությունների գորընթաց:


«Պոլիկլինիկաների մասով համայնքը բավականին ժամանակ է կորցրել, բայց այնուամենայնիվ մենք սկսել ենք փոփոխությունների գործընթաց: Ամենակարևորն այն է, որ կարողանանք շենքային պայմանները բարելավել, որպեսզի քաղաքացիներին բացի տեղեկանք տալուց, պոլիկլինիկաները նաև որակյալ ծառայություններ մատուցեն: Իհարկե, ունենք պոլիկլինիկաներ, որոնք քիչ թե շատ լավ են աշխատում, բայց գույքային և շենքային պայմանների բարելավման անհրաժեշտություն կա»,- ընդգծել է քաղաքապետը:

Լուսանկարներ