Բացվել է Երևանի կենդանաբանական այգու հերթական տարեշրջանը

01.05.2016

  Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանի և կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի  ուղեկցությամբ այցելել է կենդանաբանական այգի և ներկա գտնվել  հերթական տարեշրջանի բացման միջոցառումներին: Քաղաքապետի տեղակալը որդիների և  այգու այցելուների հետ նախ ունկնդրել է համերգային ծրագիրը, այնուհետ շրջել կենդանաբանական այգու տարածքով: Նշենք, որ 2013-2015 թվականներին Երևանի քաղաքապետարանի  ծրագրերով իրականացված այգու առաջին փուլի բարեկարգման աշխատանքների շրջանակում  թարմացվել, նորոգվել են ենթակառուցվածքները,  ընդլայնվել է կենդանաբանական այգու տարածքը, զգալիորեն բարելավվել են կենդանիների կեցության  պայմանները: Կացարանները հիմնականում ջեռուցվում են, ինչի, ինչպես նաև այգու աշխատակազմի հոգատար վերաբերմունքի արդյունքում ձմեռացումից հետո կենդանիների անկման դեպքեր չեն արձանագրվել: Ավելին, հենց այս գիշեր երկուսով ավելացել է կենդանիների թիվը. այգու վերաբացումը նշանավորվել է լույս աշխարհ եկած հայկական մուֆլոնի և Պոնի ցեղատեսակի  ձիու ծնունդներով:
  Մինչև տարեվերջ նախատեսվում է իրագործել կենդանաբանական այգու բարեփոխումների 2-րդ փուլը`դարձյալ մի շարք նորամուծություններով ու նոր նախագծերով, ինչն էլ հնարավորություն կտա  ավելացնել ազատավանդակներ ունեցող կենդանիների թիվը: Այգու պատասխանատուները վստահեցրել են, որ կարվի հնարավորը, որպեսզի Երևանի կենդանաբանական այգին բոլոր այցելուների ու հատկապես երեխաների համար լինի գրավիչ ու գեղեցիկ: Այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը նշել է, որ այգու հետ կապված բոլոր աշխատանքները քաղաքապետարանի և անձամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մշտական ուշադրության կենտրոնում են: Հարկ է նշել, որ այսօրվանից կենդանաբանական այգին այցելուների համար բաց կլինի մինչև 21:00-ն, իսկ տոմսարկղը կգործի մինչև 20:00-ն:  Նշենք նաև, որ կենդանաբանական այգու մուտքը սահմանամերձ գյուղերի երեխաների համար ամբողջ տարին կլինի անվճար:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ