Ճանաչողական այցով Երևանում է գտնվում Անդորրայի Էսկալդես-Էնգորդան քաղաքի պատվիրակությունը

25.09.2018

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը հանդիպել է Անդորրայում ՀՀ պատվո հյուպատոս Արա Բաղդասարյանի հրավերով ճանաչողական այցով Երևան ժամանած Անդորրայի մայրաքաղաք Անդորրա-Լա Վելյայի մի մասը հանդիսացող Էսկալդես–Էնգորդան քաղաքի պատվիրակությանը, որի կազմում են եղել Էսկալդես-Էնգորդանի փոխքաղաքապետ Մարկ Կալվետ Սոլայը և գլխավոր ճարտարապետ Ժերար Սոլանը: Ողջունելով հյուրերին և համառոտ տեղեկություններ ներկայացնելով Երևանի մասին՝ Դավիթ Օհանյանը նշել է, որ ՀՀ մայրաքաղաքն այս տարի նշելու է հիմնադրման 2800-ամյակը, և հայտնել, որ Երևանը գործընկերային ու բարեկամական կապեր ունի աշխարհի բազմաթիվ երկրների քաղաքների հետ և պատրաստակամ է համագործակցելու նաև Անդորրա-Լա-Վելյայի հետ: 

Էսկալդես-էնգորդանի փոխքաղաքապետ Մարկ Կալվետ Սոլայն իր հերթին նշել է, որ հոկտեմբերի 11-12-ը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին կմասնակցեն նաև Անդորրայի նախագահ Անտոնի Մարտին և արտաքին գործերի նախարար Աննա Օվակը, իսկ Երևան կատարած այս ճանաչողական այցը նաև երկու մայրաքաղաքների միջև կապեր հաստատելու խթան կհանդիսանա:
Անդորրայում ՀՀ պատվո հյուպատոս Արա Բաղդասարյանն էլ նշել է, որ այս տարի լրանում է հայ-անդորրական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15-ամյակը, ինչի կապակցությամբ վերջերս Անդորրայում կանգնեցվել է խաչքար-հուշարձան:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ