«Ձմեռային հեքիաթ»՝ Երևանի պատմության թանգարանում

05.12.2018

Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ՝ Երևանի պատմության թանգարանում բացված ցուցահանդեսում ներկայացված է 28 տիկնիկագործների ավելի քան 100 ձեռակերտ աշխատանք: Գործվածք, գոբելեն, ճենապակի, պոլիմերային կավ և այլ նյութերից են պատրաստված տիկնիկները:
«Ցուցահանդեսի նպատակն է Հայաստանում հեղինակային տիկնիկը հանրահռչակել որպես դեկորատիվ-կիրառական արվեստի ուղղություն, որը ներառում է քանդակագործությունը, գեղանկարչությունն ու դիզայնը», - նշել է ցուցահանդեսի համակարգող Մարինա Խաչմանուկյանը:
Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն կունենան մասնակցելու նաև կրթական ինտերակտիվ ծրագրի:
«Յուրաքանչյուր տարեմուտի թանգարանը ներկայանում է հետաքրքիր գաղափարներով: Այս նախաձեռնությունը, կարծում եմ, հետաքրքրելու է բոլորին՝ առանց տարիքային սահմանափակման»,- իր հերթին նկատել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էմին Թորոսյանը:
Նկարիչ, տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանը ցուցահանդեսին մասնակցելու է եկել Թբիլիսիից: Հեղինակը համոզված է՝ հեքիաթը մեր կյանքում պետք է մշտարթուն լինի:
«Ձմեռային հեքիաթ» խորագրով ցուցահանդեսը բաց կլինի մինչև մարտի 5-ը:

Տեսանյութ

«Ձմեռային հեքիաթ»՝ Երևանի պատմության թանգարանում
Տեսնել ավելին