Երևանաբնակ զինծառայողների ծնողները կայցելեն իրենց զավակներին

25.04.2017

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի` սահմանամերձ գոտիներում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների զորամասեր որդիներին այցելելու` արդեն ավանդական դարձած ծրագրի կազմակերպման և ժամկետների հստակեցման նպատակով արդեն իսկ կայացել են համապատասխան կառույցների հետ քննարկումները: 

Քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանի փոխանցմամբ ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ` ս.թ. ապրիլի 28-ին սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների այցելությունները պատշաճ կազմակերպելու համար: Զեկուցվել է, որ այցերի կազմակերպման ծրագրի շրջանակում զինծառայողների ծնողների տեղափոխման նպատակով տրամադրված հարմարավետ ավտոբուսներին ողջ ճանապարհի երկայնքով կուղեկցեն ճանապարհային ոստիկանության մեքենաները, ավտոբուսներում էլ ուղեկցողների թվում կլինեն բժիշկներ:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ