Երևանը ներկայացրել է զբոսաշրջային ներուժը «Մրցունակություն՝ տուրիզմի կայուն զարգացման համար» խորագրով միջազգային համաժողովին

22.11.2017

Նոյեմբերի 13-14-ը Հորդանանի տուրիզմի նախարարության, Ամմանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ Հորդանանի Հաշիմյան Թագավորության մայրաքաղաք Ամմանում անց է կացվել «Մրցունակություն՝ տուրիզմի կայուն զարգացման համար» խորագրով միջազգային համաժողովը: Երկօրյա համաժողովին Երևանի քույր քաղաք Ամմանի հրավերով մասնակցել է նաև Երևանի քաղաքապետի օգնական, մայրաքաղաքի տուրիզմի ոլորտի համակարգող Մարիա Բարաղամյանը:
Նյու Յորքը, Մադրիդը, Մեխիկոն, Դուբայը, ինչպես նաև Խորվաթիան և Կիպրոսը ներկայացնող փորձագետների, քաղաքային կառավարման, տուրիզմի ոլորտի պատասխանատուների հետ միասին, որպես բանախոս, Մարիա Բարաղամյանը ներկայացրել է Երևան քաղաքի զարգացման տեսլականն ու ծրագրերը «Տուրիզմի կայուն զարգացման» և «Խելացի քաղաք» թեմաներով:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Մարիա Բարաղամյանը անդրադարձել է քաղաքային տուրիզմի զարգացման ուղղությամբ վերջին տարիներին քաղաքապետարանի կողմից իրականացված ծրագրերին, նշել, որ ոլորտը առանձնակի կարևորված է քաղաքային տնտեսության մեջ: Քաղաքապետի օգնականը նաև տեղեկացրել է, որ զբոսաշրջության զարգացմանն ուղղված նպատակային մի շարք ծրագրեր իրականացվել են ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման, զբոսաշրջային նոր ենթակառուցվածքների ստեղծման, ներդրումների ներգրավման, միջոցառումային տուրիզմի զարգացման տեսանկյունից:
Առիթն օգտագործելով՝ Մարիա Բարաղամյանը նշել է նաև, որ հաջորդ տարի Երևանը տոնելու է հիմնադրման 2800-րդ տարեդարձը, և բոլորին սիրով հրավիրել է այցելելու Երևան:
Երկօրյա համաժողովի ընթացքում Մարիա Բարաղամյանը հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ, որոնց արդյունքում քաղաքային տուրիզմի զարգացման շրջանակում համագործակցության վերաբերյալ նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին