Երևանի 2018թ. բյուջեի և զարգացման ծրագրի հաշվետվությունները ներկայացվել են հանրային քննարկման

06.02.2019

Մայրաքաղաքի բնակիչներն արդեն այսօրվանից հնարավորություն ունեն ծանոթանալու Երևանի 2018 թվականի բյուջեի կատարման և զարգացման ծրագրով իրականացված աշխատանքների հաշվետվություններին: Երևանի քաղաքապետին կից Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի նիստի ընթացքում համառոտ ներկայացվել են նաև կատարված աշխատանքների ընդհանուր ծավալները:

Անդրադառնալով բյուջեի տնտեսումներին՝ քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն ընդգծել է, որ 2018-ի ընդհանուր տնտեսումը կազմել է ավելի քան 7 մլրդ դրամ:
Նշվել է նաև, քաղաքապետարանը քննարկում է սոցիալական հոլովակների թողարկումը, ինչը բնակիչներին կօգնի ոչ միայն տեղեկանալ, թե ինչպես են տնօրինվում հավաքագրվող գումարները, այլև` ինչ կարևոր նշանակության ծրագրեր են իրականացվում դրանց շնորհիվ:
Հաշվետվությունները ներկայացված են հանրային քննարկման: Ծանոթանալ դրանց, ներկայացնել դիտողություններ և առաջարկներ հնարավոր է քաղաքապետարանի պաշտոնական՝ www.yerevan.am կայքի հայտարարություններ բաժնում, կամ նամակներ ուղարկել նշված fin.gorc@yerevan.am և zargacum@yerevan.am էլեկտրոնային հասցեներով, ինչպես նաև գրավոր ներկայացնել քաղաքապետարան:
Փետրվարի 20-ին` ժամը 11:00-ին էլ քաղաքապետարանում (Արգիշտիի փողոց 1) կանցկացվեն հանրային բաց լսումներ: Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 18-ը ներառյալ ներկայացնել դիմում:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (011) 514-155 և (011) 514-370 հեռախոսահամարներով:

 

Լուսանկարներ

Տեսնել ավելին