Երևանի ավագանին ամփոփեց 6-րդ նստաշրջանի աշխատանքները. հաջորդ նստաշրջանը՝ սեպտեմբերից

22.06.2021

Հունիսի 22-ին Երևանի ավագանին գումարեց 6-րդ նստաշրջանի 5-րդ նիստը: Օրակարգում ընդգրկված էր 15 հարց:

***
Շենգավիթ վարչական շրջանի Շահամիրյանների փողոցն այսուհետ կկրի ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատող, բարերար Հրանտ Վարդանյանի անունը: Ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին:
***
Ավագանու մեկ այլ որոշմամբ «Գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ը անվանակոչվեց հայ մեծանուն երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան Շառլ Ազնավուրի անունով:
***
«Երևանի Աշոտ Ղուլյանի անվան մանկապատանեկան մարզատեխնիկական կենտրոն» ՀՈԱԿ-ն էլ անվանափոխվեց «Երևանի Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անվան ավիամոդելավորման դպրոց» ՀՈԱԿ-ի։ Դպրոցի բազայի հիման վրա նախատեսվում է հիմնել նաև անօդաչու թռչող սարքերի և ռոբոտաշինության լաբորատորիա։
***
Ավագանին հավանություն տվեց նաև համայնքի սեփականություն հանդիսացող 514 վերելակները անհատույց օգտագործման իրավունքով Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին՝ համատիրություններին տրամադրելու որոշման նախագծին: Հարկ է նշել, որ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով վերելակն ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է բնակարանների սեփականատերերին, այսինքն՝ բնակիչներին: Խնդրի սոցիալական նշանակությունն ու քաղաքացիների անվտանգության հարցը կարևորելով՝ համայնքային իշխանությունը 2019թ. նախաձեռնեց վերելակների փոխարինման ծրագիրը:
***
Երևանի ավագանու նիստին հաջորդել է հարց ու պատասխանը: Ավագանու անդամներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել քաղաքապետին, վարչական շրջանների և քաղաքապետարանի ստորաբաժանումների ղեկավարներին:
Այսպիսով, Երևանի ավագանին ամփոփեց 6-րդ նստաշրջանի աշխատանքները: Համայնքի օրենսդիրն իր գործունեությունը կվերսկսի սեպտեմբերի14-ից:

 

Լուսանկարներ

Տեսնել ավելին