Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցը անվանափոխվեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոց

22.05.2019

Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցը կանվանափոխվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցի: Մայիսի 22-ին գումարված հերթական նիստում Երևանի ավագանին հավանություն տվեց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի ներկայացրած որոշման նախագծին: 

  

Նոր հուշատախտակներ Երևանում

Երևանի ավագանու մեկ այլ որոշմամբ էլ Չարենցի 4 և Տերյան 62 հասցեներում կտեղադրվեն ֆիզիկոս, դոկտոր, պրոֆեսոր Պետրոս Բեզիրգանյանի և ակադեմիկոս Լևոն Փիրուզյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ:


Անհատույց օգտագործման իրավունքով տարածք՝ «Հայ մայրեր» ՀԿ-ին

Ավագանին հերթական նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ հավանություն տվեց անհատույց օգտագործման իրավունքով, տասը տարի ժամկետով, Երևան համայնքի սեփականություն հանդիսացող տարածքը «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ-ին տրամադրելու որոշման նախագծին: Կազմակերպությունն աջակցում է մանկական ուղեղային կաթվածով հաշմանդամություն ունեցող շուրջ 270 երեխաների, որոնք ապրում են կարիքավոր ընտանիքներում: Քննարկվող տարածքը կազմակերպությունը նախատեսում է օգտագործել որպես մանկական ներառական զարգացման կենտրոն, որտեղ կկարողանան հաճախել 2-6 տարեկան ինչպես հաշմանդամություն ունեցող, այնպես էլ չունեցող երեխաներ:


Խիստ հսկողություն՝ անհատույց տրամադրված բոլոր տարածքների նկատմամբ

Անդրադառնալով անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին որոշման նախագծին՝ քաղաքապետ Մարությանը նշեց, որ Երևանի քաղաքապետարանը խիստ հսկողություն է իրականացնում նմանատիպ բոլոր տարածքների նկատմամբ:
«Բոլոր այն տարածքները, որոնք անգամ վաճառվել են, բայց պայմանով, որ այս-այս ժամանակահատվածում այսպիսի բան պետք է տեղի ունենա, նաև այդ ժամանակահատվածներին շատ խիստ ուշադրություն ենք դարձնում: Նաև այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնք իրենց պարտավորությունները չեն կատարում, մենք խիստ արձագանքում ենք, ընդհուպ մինչև հետ վերցնելը: Բոլորն այդ խաղի կանոններն ընդունել են, հասկացել են, որ շատ արագ ու կտրուկ են լինելու Երևանի քաղաքապետարանի արձագանքն ու քայլերը: Եվ դուք էլ գիտեք մի քանի դեպքեր, երբ մենք արդեն տարածքները հետ ենք վերցնում»,- ընդգծեց քաղաքապետը:


Հաջորդ նիստը՝ հունիսի 26-ին

Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի հունիսի 26-ին:

 

 

Լուսանկարներ