Երևանի համայնքային թանգարանները izi.TRAVEL հարթակում

18.05.2017

Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թանգարանները, ինչպես նաև Երևանի կենդանաբանական այգին այսուհետ izi.TRAVEL հարթակում կունենան եռալեզու աուդիոգիդ ծրագիրը: 

Յուրօրինակ հավելվածում ներկայացված են աշխարհի տարբեր երկրների 4000-ից ավելի թանգարանային և քաղաքային աուդիոտուրեր: Հավելվածը գործում է անվճար և հնարավորություն է տալիս նաև ներբեռնել աուդիոտուրը բջջային հեռախոսների և այլ սարքավորումների մեջ: Հավելվածի օգտագործումը կարևոր և գրավիչ է հատկապես անհատ զբոսաշրջիկների համար: Այս ծրագրի ներմուծումը Թանգարանների միջազգային օրվան և «Թանգարանների գիշեր» միջոցառմանն ընդառաջ հրաշալի առիթ է ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ մեր համաքաղաքացիների համար ծանոթանալու թանգարանների պատմությանը, ցուցադրվող նմուշներին և ինքնուրույն կազմակերպելու աուդիոտուր քաղաքի մի շարք տեսարժան վայրերում:
«Թանգարանները կարևոր, նույնիսկ առանցքային դեր են կատարում քաղաքային տուրիզմի զարգացման գործում: Յուրաքանչյուր զբոսաշրջիկ ծանոթանում է քաղաքի պատմությանը և մշակույթին նախևառաջ թանգարանների միջոցով: Ներկայում զբոսաշրջիկների համար մշակված բազմաթիվ հավելվածների օգտագործումը լայն տարածում է ստացել աշխարհի շատ երկրներում: Հաշվի առնելով այդ փաստը՝ Թանգարանների միջազգային օրվա առթիվ նախաձեռնեցինք համայնքային թանգարանների մասին եռալեզու տեղեկատվությամբ աուդիոգիդ ծրագրի մշակում և ներդրում iziTRAVEL հարթակում: Ուրախ ենք, որ արդյունավետ համագործակցության շրջանակում համայնքային մեր թանգարանները ևս միացան ծրագրին: Եվ այսօրվանից արդեն այս ծառայությունը հասանելի է ինչպես համաքաղաքացիների, այնպես էլ զբոսարջիկների համար»,- նշել է Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը:
Նշենք, որ մայիսի 20-ին «Թանգարանային գիշեր» ակցիայի շրջանակում Երևանի պատմության թանգարանում տեղի կունենա ծրագրի մանրամասն ներկայացումը: Մուտքը կլինի ազատ:
Մանրամասն տեղեկությունների համար դիմել տուրիզմի բաժին՝ զանգահարելով 011 514-230 հեռախոսահամարով:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ