Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ

17.10.2018

Աշխատանքային այցով Ֆրանսիայի մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյի հետ: Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին հրավերն ընդունելու համար և շնորհավորելով Հայկ Մարությանին Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու առթիվ՝ Անն Իդալգոն հաջողություններ է մաղթել գործընկերոջը պատասխանատու աշխատանքում: Փարիզի քաղաքապետը մեկ անգամ ևս պատրաստակամություն է հայտնել երկու մայրաքաղաքների միջև առկա փոխգործակցության ուղղություններն ընդլայնելու հարցում: 

Շնորհակալություն հայտնելով հրավերի, շնորհավորանքի և ջերմ ընդունելության համար` Երևանի քաղաքապետն առանձնակի կարևորել է երկու մայրաքաղաքների միջև բարեկամական և գործընկերային կապերի ամրապնդումը՝ նկատելով, որ երկկողմ կոնկրետ ծրագրերի մշակման ու ամենատարբեր ոլորտներում համագործակցության համար առկա է լայն դաշտ:
Կողմերն անդրադարձել են նաև Փարիզում «Թումո» կենտրոնի ստեղծմանը և նկատել, որ այն երկու մայրաքաղաքների միջև հաստատված համագործակցության լավագույն օրինակներից է:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ