Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է հանրահայտ ջազ երգչուհի Ալինա Ենգիբարյանին

13.10.2016

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Երևան Ջազ Ֆեստ 2016» փառատոնին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող ճանաչված հայազգի ջազ երգչուհի Ալինա Ենգիբարյանին: 

Ողջունելով հյուրին` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է Ալինա Ենգիբարյանի դերակատարումը հայերի համար արդեն հարազատ դարձած երաժշտական այս ուղղության` ջազի տարածման գործում:
«Ջազի հայկական դպրոցն իր ուրույն տեղն ու ճանաչումն ունի աշխարհում, և անչափ գնահատելի է, որ նաև Ձեր շնորհիվ բազմապատկվում է հայկական ջազի համբավը: «Երևան Ջազ Ֆեստ» փառատոնի անցկացումն էլ իր հերթին է հնարավորություն ընձեռում աշխարհահռչակ ջազմեններին ներկայացնելու ինչպես ջազի հայկական դպրոցի ավանդույթները, այնպես էլ համայն հայության մայրաքաղաքի հմայքն ու ջերմությունը»,- նշել է Տարոն Մարգարյանը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ հայազգի ճանաչված ջազ երգչուհի Ալինա Ենգիբարյանն իր հերթին նշել է, որ տարբեր շրջագայությունների ընթացքում մեծ պատասխանատվությամբ ու սիրով է ներկայացնում Հայաստանն ու համայն հայության մայրաքաղաք Երևանը:
«Պարոն քաղաքապետ, թեև ես չեմ ապրում Հայաստանում, սակայն ամուր թելերով եմ կապված հայրենիքիս հետ: Անչափ ուրախ եմ կրկին գտնվել Երևանում, ինչն ինձ ստեղծագործական նոր ավյուն է տալիս»,- նշել է Ալինա Ենգիբարյանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ